Մատչելիության հղումներ

Վարչապետ. Շաքարավազի և մյուս պահանջված ապրանքների շուկաները ֆորմալ առումով մենաշնորհային չեն


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետը հանձնարարեց մշակել հստակ ուղեցույցներ՝ այդ ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ:

Հայաստանում մենաշնորհների հարցը վերլուծելու իր հայտնի ելույթից երեք շաբաթ անց վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ շաքարավազի, բենզինի, բանանի և բազմաթիվ այլ շուկաներում ֆորմալ առումով մենաշնորհներ չկան, և որ իրականում հանրությունն է այդ շուկաները մենաշնորհային ընկալում:

Վարչապետն ասաց՝ իր մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, «թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»։

«Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Եվ չնայած, ըստ վարչապետի, այդ շուկաներում մոնոպոլիաներ չկան, այդուհանդերձ նա հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ, որոնք պետք է մանրամասն նկարագրեն վերոհիշյալ ապրանքների ներմուծման գործընթացները: Այդ ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում, ունենան անգլերեն ու ռուսերեն տարբերակներ:

«Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն», - ասաց Հովիկ Աբրահամյանը։ «Հանձնարարում եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա», - հավելեց նա:

Այսքանով էլ չբավարարվելով՝ վարչապետը հայտարարեց խնդրին համակարգային լուծում տալու անհրաժեշտության մասին և հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը ու ՊԵԿ-ին երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը․ - «Մասնավորապես՝ առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողների կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռք բերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է՝ պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»:

Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը Աբրահամյանը դրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա: Կառավարության նիստից հետո փոխվարչապետին հարցրեցինք, թե ո՞րն է Կառավարության դիրքորոշումը՝ մոնոպոլիաներ կա՞ն, թե՞ ոչ: Փոխվարչապետը պատասխանեց․ - «Կառավարությունում գտնում են, որ կա կենտրոնացվածության բարձր աստիճան: Եթե մենք նայում ենք ֆորմալ հայտանիշներին, ապա ֆորմալ հայտանիշներով դուք մենաշնորհներ չեք գտնի, սակայն ֆորմալ հայտանիշների բացակայությունը կամ առկայությունը չէ, որ որոշում է տնտեսվարողների վարքը, և հարկավոր է նաև տնտեսվարողներին վստահություն ներշնչել, հարկավոր է նրանց հնարավորություններ տալ: Կառավարությունը ամեն ինչ անելու է, որպեսզի տնտեսվարողներին տրվեն այդ հնարավորությունները՝ լիարժեք մասնակցելու և ունենալու հավասար պայմաններ»:

Գործարար, «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե որ ոլորտներում են մոնոպոլիաները, ովքեր են օլիգարխները և ինչպես են նրանք տարիներ շարունակ Հայաստանում զբաղվում գործարարությամբ․ - «Խոշոր ներկրողը ապրանքը մաքսազերծում է գործարքի գնով, իսկ մանր ներկրողներին, ինչպես գիտեք, համատարած մաքսակետերում ապրանքները մաքսազերծվում են մաքսային արժեքներով։ Այսինքն՝ Մաքսային կոմիտեի որոշած արժեքներով, որը շատ ավելի բարձր է, որոշ տեղերում 20 անգամ բարձր է: Հետևաբար՝ փոքր բիզնեսը ոչ մի շանս չունի դիմանալու մրցակցությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG