Գործարար Րաֆֆի Մխջյանը հայտարարում է՝ Պետեկամուտների կոմիտեն խոչընդոտում է իր գործունեությունը՝ ներմուծման մաքսատուրք պահանջելով Հայաստանում արտադրված և Վրաստան արտահանված սուրճի չվաճառված մասը Հայաստան վերադարձնելու համար:
Մխջյանը, ով նաև Արտահանողների միության ղեկավարն է, ընդգծեց՝ Վրաստան սուրճ է արտահանում 2002թ․-ից և նախկինում երբեք նման իրավիճակ չի եղել, որպեսզի մաքսատուրք վճարի իր արտահանած ապրանքի չվաճառված մասը հետ վերադարձնելու համար:
«ԱՊՀ-ի օրենքով, բացի դրանից՝ մենք [Հայաստանը] պայմանագիր ունենք Վրաստանի հետ, որ ամեն ինչ փոխադարձ է, եթե հայկական է՝ Վրաստանը չի վերցնում մաքսատուրք: Այդ նույն հաջողությամբ այդ ապրանքը գնացել է այստեղից Վրաստան, վրացիք մաքսատուրք չեն վերցրել այդ ապրանքին: Բա ո՞նց եղավ, որ հետ եկանք՝ Հայաստանում հայերը հայկական ապրանքին մաքսատուրք են վերցնում: Սա աբսուրդի գագաթնակետն է», - կարծիք հայտնեց գործարարը:
Ըստ Մխջյանի, ՊԵԿ-ը պահանջում է վճարել 1 միլիոն 400 հազար դրամ մաքսատուրք: Բյուջեն լցնելու խնդիր կա՝ ենթադրում է գործարարը:
Արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող գործարարն ասում է՝ եթե ինքը լիներ օլիգարխ կամ ազգակցական, խնամիական կապեր ունենար Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, ՊԵԿ-ը նման մոտեցում չէր ցուցաբերի:
«Օլիգարխների դեպքում բոլորովին ուրիշ է վերաբերմունքը, բոլորովին ուրիշ է այդ պրոցեսների ընթացքը: Ես ցավով եմ ասում, բայց սա իրականությունն է», - ասում է Մխջյանը:
Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար ծավալելու մասին իշխանությունների հերթական հայտարարության շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդամենը օրեր առաջ էր պահանջել Պետեկամուտների կոմիտեից հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար՝ անցած հինգշաբթի կառավարության նիստում հայտարարելով․ - «Պետական եկամուտների կոմիտեին նաև հանձնարարություն, որպեսզի հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար: Դա լինելու է վերահսկողության ծառայության ներքո, ստուգելու են»:
Րաֆֆի Մխջյանը, մինչդեռ, թերահավատ է․ - «Ես ուզում եմ ապացույցներ, ես չեմ ուզում առաջին զոհը լինել այդ հարցում․ ինչ-որ մի կոնտեյներ շաքար բերեմ, օրինակ: Ես ուզում եմ տեսնեմ՝ եթե ինչ-որ մեկը բերեց, ողջ մնաց, նոր դրանից հետո կփորձեմ նման բաների մասին մտածել»:
Ի պատասխան այս առնչությամբ «Ազատույան» հարցմանը` Պետեկամուտների կոմիտեից գրավոր կարգով փոխանցեցին հետևյալը. - «Տեղեկացնում ենք, որ գործարար Րաֆֆի Մխջյանը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերամշակված և վաճառքի նպատակով Վրաստան վերաարտահանված սուրճի այն մասը, որը չի վաճառվել, վերադարձրել է Հայաստանի Հանրապետություն և այն ձևակերպելու է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Միաժամանակ, վերադարձվող սուրճի մասով մաքսատուրքի վճարումից ազատվելու նպատակով գործարարը վկայակոչել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև կնքված՝ ազատ առևտրի համաձայնագիրը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները գործարարին բացատրել են, որ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի դեպքում (ի դեպ, մաքսային ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտն ինքն է ընտրում սեփական նախաձեռնությամբ, քանի որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգի ընտրություն չի կատարում) Վրաստանից ներմուծվող ապրանքի համար պետք է վճարվի մաքսատուրք, քանի որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև կնքված՝ ազատ առևտրի համաձայնագիրը տվյալ պարագայում կիրառելի չէ, այն կկիրառվեր միայն այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքներն ունենային ոչ թե հայկական, այլ վրացական ծագում: Գործարարին նաև բացատրվել է, որ դա է պատճառը, որ Հայաստանում վերամշակված (հայկական ծագում ունեցող) սուրճը նախկինում Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանելու ժամանակ Վրաստանում մաքսատուրք չի գանձվել:
Միաժամանակ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն առաջարկել են առկա խնդիրը կարգավորել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ Վրաստանից վերադարձվող ապրանքները «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու փոխարեն` դրանք հայտարարագրելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ ապրանքների ներմուծման դեպքում համապատասխան մաքսային ընթացակարգի ընտրության իրավունքը վերապահված է ներմուծողին՝ տեղեկացվում է, որ առկա խնդիրը կարող է լուծվել գործարարի կողմից «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի փոխարեն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներով սահմանված՝ «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգը ընտրելու միջոցով»: