Հայկական կողմը միշտ համաձայն է եղել շփման գծում միջազգային հետախուզական մեխանիզմների ներդրմանը, այսօր ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը։
«Բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու առաջին նախապայմանը համապատասխան իրավիճակ ստեղծելն է: Այսինքն՝ վստահության մեխանիզմներ պետք է ձևավորվեն: Դրանք երկու ուղղությամբ պետք է ձևավորվեն: Առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն-հետախուզական գործողություններ, և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան պարզել, թե որ կողմն է խախտել, և նաև թիրախային քննադատություն կատարել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց նա:
Երկուշաբթի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները հայտարարեցին, որ Սարգսյանն ու Ալիևը հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը և զգալիորեն ընդլայնել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը։
Նախարար Օհանյանը այսօր նշեց, որ վերջին բանակցությունների ընթացքում ևս նախագահ Սարգսյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը այս հարցերում։
Ադրբեջանից արդեն կան առաջին պաշտոնական մեկնաբանությունները։ Երեկ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Բաքուն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները ընդլայնելու պարտավորություն չի ստանձնել։
Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը հիշեցնում է՝ նախկինում էլ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրման հարցում պաշտոնական Բաքվի վերաբերմունքը բացասական է եղել։
«Ադրբեջանը փորձում է ընդամենը կանգնել այն դիրքի վրա, որը հիմա ունի՝ հրադադարի ռեժիմ, և դրանից հետո հասկանալ, թե հայկական կողմը ինչերի է պատրաստ, արդյոք պատրա՞ստ է հայկական կողմը անել զիջումներ տարածքների առումով, և արդյո՞ք համանախագահները համաձայն են նման կարգավորմանը: Հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը, և հասկանալի է, որ Ադրբեջանը Վիեննայում կանգնեց այն փաստի առաջ, որ փաստացի ոչ հրապարակային, բայց մեղադրանքներ ստացավ, որ նախահարձակ է եղել», - մեկնաբանեց Մելիքյանը:
Քաղաքագետի խոսքով՝ երեկ Ադրբեջանը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները ընդլայնելը համանախագահների առաջարկն էր, որից իրենք կարող են և հրաժարվել․ - «Նորից տեսնում ենք, որ տեղի է ունենում խուսանավում, և նորից էլի հարց է առաջանում՝ մենք ինչպիսի՞ մեխանիզմ ունենք ստիպելու Ադրբեջանին չգնալ այս կամ այն քայլին, ուր մնաց անվտանգության երաշխիքները: Այստեղ է, որ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի, մտածի և գլուխ կոտրի: Այդ 22 տարին բավարար էր, կարծում եմ, որպեսզի հասկանային, թե որ ուղղություններով պետք է զարգացվեր այս խնդիրը»:
Այսօր Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև ապրիլին բանակում հրազենային վիրավորումից մահացած 18-ամյա զինծառայող Հովհաննես Պետրոսյանի հոր պնդումներին, թե որդուն սպանել են, քանի որ նա փորձել է կանխել մեքենայից բենզինի գողությունը։
«Այդպիսի տեղեկություններ մենք չունենք, ես չեմ ուզում ոչ մի ծնողի, որոնք կորցրել են իրենց որդիներին, ինչ-որ մի վատ խոսք ասել: Ինչ վիճակում էլ ծնողները կորցնեն իրենց որդիներին, միևնույն է՝ դա նրանց համար մեծ ցավ է: Դրա համար այս պարագայում մենք վստահենք մեր իրավապահ մարմիններին», - նշեց նա: