Առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանելով Վիեննայի հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանի համար ամենագլխավորը կրակի դադարեցման ռեժիմի պահպանումն է:
«Վիեննայի հանդիպմանն Ադրբեջանը համաձայնություն է տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ առաջիկայում բանակցությունների շարունակման համար»,- պարզաբանել է Մամեդովը ANS հեռուստաընկերության եթերում:
Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, ըստ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների տարածած հայտարարության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Ըստ նույն հայտարարության՝ հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացմանը, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորությունների ընդլայնմանը և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ:
Ադրբեջանցի պաշտոնյան, մեկնաբանելով հայտարարության՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին դրույթը, հակադարձել է, թե այդ կապակցությամբ Բաքուն պարտավորություններ չի ստանձնել:
«Կասպշիկի լիազորությունների էական փոփոխություն չի կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է: Մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել», - ասել է Մամեդովը:
Բաքուն Երևանին միաժամանակ կոչ է անում կառուցողականություն դրսևորել հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ցավոք, դրա փոխարեն Հայաստանի արտգործնախարարը իր ելույթներով ամեն կերպ փորձում է պայմաններ ստեղծել ստատուս քվոյի պահպանման համար: Այդ ուղին վտանգավոր է, որը կարող է իրավիճակը դարձնել դրամատիկ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Սոֆիայում ունեցած ելույթը: Նալբանդյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստում, հայտարարել է, մասնավորապես, որ ավտորիտար ռեժիմները պատերազմի երկընտրանքի առջև չեն կանգնում: «Նման իրավիճակի ականատեսը դարձանք ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը: