Մատչելիության հղումներ

«Խոսելն ավելի լավ է, քան կրակելը»


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան, արխիվ
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների՝ այսօր անցկացված տեսակամրջի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսպես մեկնաբանեց երեկ երեկոյան Վիեննայում կայացած Սարգսյան - Ալիև հանդիպումը:

Փորձագետի կարծիքով, ակնկալիքները կոնկրետ այս հանդիպումից մեծ չեն, սակայն նման քայլն արդեն ողջունելի է․ - «Որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ և ռացիոնալ խոսել։ Վիեննայում այդ ուղղությամբ քայլ արվեց, թեկուզև՝ չափազանց փոքր քայլ։ Բայց այն, որ գոնե կա ձևաչափ, որի շրջանակում մենք կարող ենք նայել ոչ ինքնաձիգի նշադիտակից, դա արդեն լավ է»։

Հայ և ադրբեջանցի փորձագետների տեսակամուրջին մասնակցող Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի մասնագետ Շահին Ռզաևի կարծիքով, հունիսին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լուրջ տեղաշարժ է սպասվում․ - «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է ասել, որ հույս ունեն, թե հունիսին Ալիևն ու Սարգսյանը ձեռնամուխ կլինեն ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը։ Լավրովն իր հեղինակությունն է դրել խաղասեղանին։ Դա դեռ չէր եղել։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ մեռյալ կետից տեղաշարժ կա»։

Ալեքսանդր Իսկանդարյանն ադրբեջանցի գործընկերոջ կարծիքն իրականությանը մոտ չի համարում։ Ասում է՝ դժվար է պատկերացնել, որ կոնֆլիկտը կտրուկ լուծում կստանա միայն այն պատճառով, որ դա Լավրովի հեղինակության հարցն է․ - «Ես ոչ միայն կարծում եմ, որ շարունակվելու է այնպես, ինչպես եղել է... Վերջին 8-9 տարիներին բռնության նշաձողը գնալով բարձրացել է։ Նախկինում խոսվում էր բացառապես դիպուկահարների մասին, հետո ականանետներ, հետո հրետանի, հետո հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ, հետո Նախիջևանի կողմից, հետո խփված ուղղաթիռ... Սա արդեն տրամաբանություն է»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար ոչ միայն կարևոր է, թե ինչ են պայմանավորվել նախագահները Վիեննայում, այլ՝ թե երբ են դա արել, և ինչու միայն հիմա՝ հարյուրավոր զոհեր տալուց հետո։ Գրիգորյանի կարծիքով, կողմերը պետք է համաձայնեն առանց նախապայմանների հետ քաշել դիպուկահարներին։

Հակադարձում է Բաքվի Հելսինկյան կոմիտեի մամուլի քարտուղար Նեջաթ Մելիկովը․ - «Առաջին նախապայմանն ընդունումն է, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական հողերը։ Առանց դրա ընդհանրապես հարցը չպետք է քննարկվի։ Եվ երկրորդ, կարո՞ղ եք ապացուցել, որ ամեն անգամ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարը»։

Ստեփան Գրիգորյանը փորձում է հասկանալ, թե այդ դեպքում որն է պատճառը, որ Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում է Մինսկի խմբի համանախագահների՝ դիպուկահարներին հետ քաշելու առաջարկից ու շփման գծում կրակոցներն արձանագրող համապատասխան տեխնիկայի տեղակայումից․ - «Դուք խոսում եք գրավյալ տարածքների մասին։ Ինձ հասկանալի է ձեր դիրքորոշումը, և այդ մասին մադրիդյան սկզբունքներում գրված է։ Բայց ինձ համար զարմանալի է, երբ ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը, այլև քաղհասարակության ներկայացուցիչները 6 սկզբունքից և 14 քայլերից առանձնացնում եք մեկն ու ասում, որ դա է կարևորը։ Եթե հիշում եք, այնտեղ հարց կա նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին, փախստականների, խաղաղապահ ուժերի մասին։ Մենք երբեք չենք ասել, որ տարածքների մասին այնտեղ չի խոսվում, մինչդեռ դուք առանձնացնում եք մի կետն ամբողջ կոնտեքստից»։

XS
SM
MD
LG