Պաշտոնական Բաքուն, գնահատելով Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, հայտարարում է՝ «բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում»:
«Ես համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը շարունակել է, թե տվյալ բանակցությունները պետք է իրականացվեն հնարավորինս շուտ և «արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց ու միջազգային հանրության տևական սպասելիքները էական արդյունքներով»:
«Ադրբեջանը համաձայնել է մասնակցել Վիեննայի հանդիպմանը պայմանով, որ սկսեն լուրջ բանակցություններ, որոնք ուղղված կլինեն միանգամայն անընդունելի և փխրուն ստատուս քվոյի փոփոխությանը»,- մեկնաբանելով Վիեննայի հանդիպումը՝ France 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը:
«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, որպեսզի ստեղծեն անհրաժեշտ պայմաններ լիարժեք բանակցային գործընթացը վերսկսելու համար, որի առաջ փուլը պետք է դառնա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերումը»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը:
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը ոչ ձախողվել, ոչ էլ, սակայն, բեկումնային էր՝ կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին:
«Դատելով Սերգեյ Լավրովի հայտարարությունից՝ այն մասին, որ կողմերը պատրաստ են փոխզիջումների և անհրաժեշտ է անցնել փուլային կարգավորման, միջնորդները ընդունել են Ադրբեջանի դիրքորոշումը առ այն, որ անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ», - «Թուրան» գործակալության հետ զրույցում նշել է Միրկադիրովը:
Քաղաքագետի կարծիքով՝ հետագայում ադրբեջանական կողմը պետք է հասնի փուլային կարգավորման համար ժամկետների սահմանման: «Այսինքն՝ բանակցությունները չեն կարող լինել անժամկետ և շարունակվեն ևս 22 տարի»,- շեշտել է վերլուծաբանը:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ՝ Էլչին Շահինօղլուն տարակուսում է՝ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարի, մամուլի ծառայության առկայության պայմաններում ինչու են իրենք ստիպված «տեղեկատվություն կորզում» հայկական մամուլից:
«Մենք չպետք է մոռանանք այն մասին, որ տեղեկատվական պատերազմում առաջին լուրը առանձնահատուկ կարևոր է, քանի որ տեղեկատվությունը տարածվում է աներևակայելի արագությամբ, և հաճախ հղում են անում հենց առաջին լուրին: Ապատեղեկատվության հերքումը, բացի այն, որ թանկարժեք ժամանակի կորուստ է, նաև հակառակորդ կողմից հետ մնալու նշան է», - նշել է Շահինօղլուն: