Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում իր դիրքորոշումը Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման առնչությամբ


Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, արխիվ:
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, արխիվ:

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն այսօր «Ազատությանը» հստակ պատասխան չտվեց մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպման մասին:

Հակոբյանը սահմանափակվեց հետևյալով․ - «Հանրապետության նախագահի այցերի և հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կարգով և ժամանակին»:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին և վերահաստատել, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդիրը բանակցությունների միջոցով հանգուցալուծելուն:

Երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, նշելով, որ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Շաբաթներ առաջ նախագահ Սարգսյանը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար երեք քայլ էր առաջ քաշել՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։

Երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս չէր հստակեցրել Սարգսյան - Ալիև հանդիպման մասին լուրը, սակայն նշել էր, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հիմնականում տեղ են գտել նախագահ Սարգսյանի երեք առաջարկները․ - «Համանախագահների հայտարարության բառապաշարը համահունչ էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այնտեղ հստակ նշված էր վստահության մեխանիզմների ամրապնդման մասին, նշվում էր զինադադարի պահպանման անխուսափելիության մասին»:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով, Սարգսյանի առաջ քաշած քայլերը չեն իրականացվել․ վերջին օրերին սահմանագոտում շարունակում են զինվորներ զոհվել, և նման իրավիճակում բանակցությունների գնալը սխալ որոշում կլինի․ - «Սերժ Սարգսյանի առաջ քաշած պայմաններից մեկն էր՝ երաշխիքներ, որ այլևս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ենթարկվի ագրեսիայի: Ես ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ են այդ երաշխիքները, ովքե՞ր են տվել: Որտե՞ղ են այդ լծակները, և եթե այդ լծակները կան, կա՞ն նաև այդ լծակները կիրառողները»:

Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, այլապես նախագահների մակարդակով հանդիպումներն էլ ոչինչ չեն տալու․ - «Համանախագահների առաջարկն է եղել հանդիպել․ գոնե հանդիպացնել, կամ գոնե ստեղծել այն պատրանքը կամ գոնե փորձել ցույց տալ, որ կա նաև այլընտրանք, և այլընտրանքը բանակցությունների շարունակումն է՝ նաև որպեսզի չհեղինակազրկվի Մինսկի խումբը: Քանի որ եթե Մինսկի խումբը այսօր չգործի, այլևս որևէ գործողություն չկատարի, այդ դեպքում Ադրբեջանը ևս կարող է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենալ՝ փոխելու այս ձևաչափը»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Սարգսյան - Ալիև առաջիկա հանդիպումը կողմերի համար միայն ժամանակ շահելու միջոց է լինելու․ - «Հայկական կողմից այդ հայտարարությունը, այդ երեք պահանջները կամ երեք կետերը բավական անորոշ էր, և կարծում եմ՝ այդ անորոշությունը թողնված է հենց գիտակցաբար, որպեսզի հետագայում լինի մանյովրի հնարավորություն: Այսինքն, հայկական կողմը ակնհայտորեն պատրաստ չէր սկզբունքորեն հրաժարվել Ադրբեջանի հետ որևէ շփումից, մինչև որ շատ ավելի առարկայորեն խոսք չգնար այդ պայմանների մասին»:

Ըստ Բադալյանի, այս անգամ նախագահները ոչ թե հակամարտության կարգավորման շուրջ կբանակցեն, այլ կքննարկեն հրադադարի պահպանման մեխանիզմները․ - «Այստեղ հարցերը իսկապես շատ են․ արդյո՞ք այդ մեխանիզմների շուրջ համաձայնության կա հենց համանախագահ երկրների միջև: Որովհետև Ռուսաստանն էլ ակնհայտորեն դեմ էր այդ մեխանիզմներին մինչև քառօրյա պատերազմը, և հիմա էլ որևէ առարկայական նշան չկա ասելու, որ Ռուսաստանը կողմ է այդ մեխանիզմներին: Շատ հավանական է, որ այստեղ ընդամենը ժամանակ ձգելու և դիրքային պայքարի միջոց է՝ օրակարգ բերել այդ խնդիրը և փորձել մանևրել-պարզել այս շրջանակում»:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին նախորդ տարվա դեկտեմբերին շվեյցարական Բեռնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG