Երեկ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի, այսօր՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանի և Էրոյի բանակցությունների առանցքային հարցն էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նալբանդյանը գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, կարևորել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետևողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։
Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995 թվականներին զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը։
Նալբանդյանը վերահաստատել է, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:
Էդվարդ Նալբանդանը Ժան-Մարկ Էրոյին հրավիրել է այցելել Հայաստան։
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994 թվականի համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
Էդվարդ Նալբանդյանը և Հարլեմ Դեզիրը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը: