Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ Սերգեյ Լավրովը ծրագրում է մասնակցել Սարգսյան - Ալիև սպասվող հանդիպմանը։
Այսօր ավելի վաղ տարածվեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում նրանք շեշտել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
Միջնորդների առաջարկի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պատկան գերատեսչությունների կողմից դեռևս պաշտոնական հայտարարություններ չկան։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ընդամենը հայտնեց, որ պատշաճ կերպով կտեղեկացնեն հանդիպման մասին: Նույնը փոխանցեց նաև Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ, հիշեցնենք, հայկական կողմը հայտարարել էր, թե կվերսկսի բանակցությունները, եթե Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի դեմ ոտնձգությունները։
«Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար», - այսօր տարածած հայտարարության մեջ շեշտել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (Միացյալ Նահանգներ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):
Ղարաբաղյան հակամարտության միջնորդները, կարևորելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո, շեշտում են, որ բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել՝ եթե բռնությունները շարունակվեն, և խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային պրոցեսի:
«Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - հայտարարում են նրանք:
Մինչդեռ այս գիշերը ևս հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղ չի անցել։ Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, երեկ երեկոյան Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996 թվականին ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Ինչպես նախորդ օրերին, այս գիշեր ևս ադրբեջանական զինուժը խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, նռնականետեր և ականանետեր։
Հայաստանի հետ սահմանային հատվածում նույնպես իրադրությունը լարված է եղել։ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ շեշտվող տարածքների հանձնման թեմային՝ ասել է, որ Ադրբեջանը պարտավոր է առնվազն վերադարձնել Ղարաբաղի օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ - «Որ Ադրբեջանը փորձում է այդ ամբողջ փաթեթից դուրս բերել․․․ Դա նաև երեկվա, Գերմանիայում գտնվելիս, Մամեդյարովի հայտարարությունն էր․ իր պատկերացմամբ՝ խնդիրը լուծվում է տարածքներ վերադարձնելով և այլն, և այլն։ Տարածքային հարցերը մինչև առաջ քաշելը, Ադրբեջանը պարտավոր է առնվազն, եթե դա այդքան կարևոր է, վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո միայն Ադրբեջանը կարող է խոսել հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձման մասին», - շարունակել է Քոչարյանը: - «Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որը իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որպեսզի Ադրբեջանը հասնի իր բաղձալի նպատակին»:
Մինչ հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում նախահարձակ լինելու մեջ, Ադրբեջանն իր հերթին Հայաստանին մեղադրում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու մեջ։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայում իր ելույթում նշել է, որ Հայաստանը, մերժելով միջազգային հանրության կոչերը՝ վերջ դնել զավթողականությանը, վերջին ժամանակներում գնդակոծում է շփման գծին մոտ գտնվող բնակավայրերի խաղաղ բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Մամեդյարովի ասածին հեգնանքով պատասխանեց՝ հիշեցնելով ադրբեջանական կողմի բռնությունների մասին․ - «Այո, Արմենիան իրոք խախտում է, կտրել է գլուխը մեր զինծառայողի և ցույց է տվել աշխարհով մեկ, գյուղերով մեկ: Խոշտանգել է 95 տարեկան ծերերին, հերոսացրել է քնած հայ զինծառայողին գլխատած անձնավորությանը, միլիոնավոր դոլարներ են ծախսել Հունգարիայում և այլ կառույցներում այդպիսի աննորմալին դուրս բերելու համար»:
«Մինչև նախագահների հանդիպումը Ադրբեջանը պետք է վերահաստատի, որ չկա այլընտրանք խաղաղ գործընթացին, և հրաժարվի այդպիսի ագրեսիվ քայլերից», - ասում է Բաբայանը։ - «Հո չե՞ն ասելու՝ մենք ենք հարձակվում: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանի պահվածքը ինքը, և այն, որ ինքը չի համաձայնում մշակել և ներդնել տարբեր տիպի մեխանիզմներ, որ զինադադարի խախտումները ավելի օպերատիվ ձևով և ճշգրտորեն ֆիքսվեն, սա ամենակարևոր ապացույցն է, որ ինքն է միշտ խախտում զինադադարի ռեժիմը»։