Մատչելիության հղումներ

Ահաբեկիչները Սիրիա են թափանցում «թուրքական սահմանով»


Հալեպ, 2-ը մայիսի, 2016թ․
Հալեպ, 2-ը մայիսի, 2016թ․

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակիցը սիրիացի ժողովրդին «ողբերգական վիճակից դուրս բերելու» համար առաջարկում է կասեցնել դրսից ահաբեկիչների հոսքը:

Անցած գիշեր Հալեպը կրկին հրթիռակոծության է ենթարկվել։ Տեղի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրուցում ասաց՝ ուժգին որոտները բնակչությանը տագնապի մեջ են պահել ողջ գիշեր։

«Առավոտյան 4-ին, 5-ին թունդ բախումներ տեղի կունենային որոշ շրջաններու մեջ, ահաբեկչական խմբավորումներ կրցած են թափանցել քաղաք, բայց սիրիական բանակը ետ մղած է անոնց, այսինքն՝ թունդ բախումներ տեղի կունենային ահաբեկչական խմբավորումներու և սիրիական բանակին միավորներու միջև։ Բախումներու ձայներ կային ահավոր, սակայն, առավոտյան ժամերուն և հիմա համեմատաբար խաղաղ է։ Երեկ շատ վատ էր, զոհերու և վիրավորներու թիվն ահավոր էր»,- պատմեց Պողիկյանը։

Պաշտոնական տվյալներով, միայն երեկ Հալեպում 20 մարդ է զոհվել, ևս 82-ը վիրավորվել է։ Հրթիռակոծվել են ինչպես բնակելի շենքերը, այնպես էլ դպրոցներն ու հիվանդանոցները։ Հատկապես տուժել են «Ալ-Դաբիթ» մասնավոր հիվանդանոցն ու մանկատունը։

Քաղաքի՝ նախորդ շաբաթվանից վերսկսված ուժգին հրթիռակոծությունների հետևանքով արդեն 3 հայ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ «Դաբիթ» հիվանդանոցի պարագան շատ աղետալի էր, ուղղակի պատկերացրեք՝ նորածին մանուկը, մեկ վարկյանվա ծնված մանուկ մը կար, տեղում մահացած էր։ Պատկերը դրած էին, իսկապես սրտաճմլիկ վիճակ էր»,- շարունակեց «Գանձասար»-ի թղթակիցը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ երեկ հայտարարել էր, որ Հալեպում հրադադարի հաստատումը ժամերի հարց է, մինչդեռ բախումներն այսօր էլ շարունակվում են։ Դեռևս փետրվարին հաստատված հրադադարը փորձագետներն ի սկզբանե շատ փխրուն էին գնահատել:

Հալեպի աղետալի վիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կգումարի։ Սիրիայի արտգործնախարարությունը երեկ կոչ էր ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին։ Դրանում, մասնավորապես, նշված է՝ «Սիրիայի կառավարությունը վերահաստատում է, որ մարդկության դեմ զինյալ ահաբեկչական խմբավորումների հանցագործությունները չէին շարունակվի, եթե Անվտանգության խորհուրդը կատարեր իր պարտավորություններն ու ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա դատապարտեր ահաբեկչական խմբավորումներին սատարող երկրներին»:

Սիրիայի ԱԳՆ-ն ահաբեկչական խմբավորումներին սատարող երկրների շարքում նշել է Սաուդյան Արաբիան և Թուրքիան: Այս առնչությամբ, Զարմիկ Պողիկյանը նշեց՝ «Ժողովուրդին ողբերգական վիճակին դուրս բերելուն միակ ձևն ահաբեկիչների հոսքը դադարեցնելն է, նրանք թրքական սահմանով գուքան, միայն այդ սահմանն է, որ բաց է իրենց համար: Փաստորեն, այս զինադադարի ընթացին նոր զինյալներ ներխուժած են Սիրիա․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG