ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) այսօր հրատապ նիստ կանցկացնի՝ քննարկելու ճգնաժամը Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ մարտական գործողությունները սպառնում են ի չիք դարձնել միջազգային խաղաղարար ջանքերը:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նիստը հրավիրել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը Հալեպը բնորոշել է որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դիմադրության «նահատակվող կենտրոն»:
Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռայքրոֆթը, իր հերթին, ընդգծել է․ - «Հալեպը այրվում է, և անչափ կարևոր է, որ մենք կենտրոնանանք այս խիստ առաջնահերթ խնդրի վրա»:
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպում հրադադարի մասին կարող է հայտարարվել «ամենամոտ ժամանակներս, նույնիսկ առաջիկա ժամերին»:
Հիշեցնենք՝ Հալեպում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումները վերջերս սրվել են, մարտական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ հայ բնակչության շրջանում: