«Եթե հանկարծ կտանեն սնանկացման, մենք այդ գործը կվերսկսենք, կդիմենք դատախազություն, որպեսզի այդ գումարները շորթողները, այդ միլիոնավոր դոլարները, որ կորել են ու այդպես էլ չեն կարողանում գտնել․․․ որպեսզի դա անպայման բացահայտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նաիրտի»-ի նախկին աշխատակիցներից մեկը:
Նախկին նաիրիտցիները մշտապես մասնակցում են «Նաիրիտ»-ի գործով դատավարությանը․ ՀԷՑ-ը, հիշեցնենք, «Նաիրիտ»-ից պահանջում է էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը: Սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են։
Դատական գործընթացին ակնդետ հետևող աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործարանը միտումնավոր տանում են սնանկացման։
«Նաիրիտ»-ի փաստաբան Արմեն Աբովյանն այլ պատճառ է նշում․ - «Հաշտության, համաձայնության եզրեր գտնելու բանակցությունները դեռ շարունակվում են: Խնդրեցինք դատարանին, որպեսզի հետաձգի գործի քննությունը»:
Հարցին, թե ինչ է ենթադրում հաշտության համաձայնագիրը, փաստաբանը արձագանքեց․ - «Համաձայնագիրը մի շարք դրույթներ է պարունակում․․․ դեռևս պատրաստ չի, իհարկե: Կողմերը դեռևս բանակցում են»:
Կարեն Իսրայելյանը, ով «Նաիրիտ»-ի տնօրենն է եղել 2005-2007 թվականներին, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե 2009-ին գործարանին հատկացված 35 միլիոն դոլար վարկը նպատակային չի ծախսվել․ - «Ինչո՞ւ այդ 35 միլիոն դոլարը չուղղվեց «Նաիրիտ»-ի վերազինման համար (որից ընդամենը մեկ ամիս հետո եղավ «Նաիրիտ»-ի պայթյուն, որտեղ չորս զոհ ունեցան), այլ ուղղվեց տարբեր ընկերությունների պարտավորությունների մարմանը»:
Հարցի պատասխանը, նրա խոսքով, դատախազությունը պետք է տա։
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել էր վարկային գիծ, որից 35 մլն դոլար կառավարությունը հատկացրել էր «Նաիրիտ»-ին։ Իսրայելյանը հետևություն է անում, որ հենց կառավարությունը պետք է լիներ առաջին պահանջատերը․ - «35 միլիոն դոլարից 22 միլիոն դոլար գնացել ա դանիական ինչ-որ ֆինանսական խմբի պարտքի մարմանը։ 8 միլիոն դոլար գնացել ա «Ռայնովիլ» ընկերության պարտքի մարմանը: Եվ շուրջ 5 միլիոն դոլար էլ մարվել են «Նաիրիտ»-ի պարտավորությունները ցանցի, գազի և աշխատավարձի գծով»:
Նաիրիտցիները լիահույս են, որ հետևողական պայքարի շնորհիվ մեղավորները պատժվելու են․ - «Որ աշխատավարձները կարողացանք ստանանք, սա էլ կանենք»: