Մատչելիության հղումներ

Նաիրիտցիներն այժմ էլ վերագործարկում են պահանջում


Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը պատասխանում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատողների հարցերին, Երևան, 19-ը օգոստոսի, 2015թ․
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը պատասխանում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատողների հարցերին, Երևան, 19-ը օգոստոսի, 2015թ․

էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գործարանի աշխատողներին խոստանում է վերագործարկման հարցը լուծելու համար «անել հնարավորը»:

Թեև «Նաիրիտ»-ի աշխատողների պարտքն ամբողջությամբ մարվել է, սակայն այսօր նրանք կրկին հավաքվել էին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ՝ այժմ էլ բողոքելով այն իրողությունից, որ ամիսներով կուտակված աշխատավարձը ստանալու համար ստիպված են եղել հրաժարվել չվճարման տույժ ու տուգանքներից։

Նաիրիտիցիներն, այդուհանդերձ, պնդում են, որ պատրաստ են այդ զոհաբերությանը, եթե գումարն ուղղվի գործարանի վերագործարկմանը:

«Մենք ուզում ենք միայն, որ տոկոսները «Նաիրիտ-2»-ից փոխանցվի «Նաիրիտ» գործարանին, մենք հիմա շատ ավելի մեծ, շատ ավելի գլոբալ պայքար ունենք, որն ավելին է, քան աշխատավարձ ստանալը, «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը մեզ համար ավելի լուրջ է»,-ասում է գործարանի աշխատողներից Կարինեն:

էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ով նախկինում «Նաիրիտ»-ի տնօրենն է եղել, ցուցարարներին հակադարձեց․ «եթե մենք այդ փողը փոխանցեինք գործարանին, դուք երբեք աշխատավարձը չէիք ստանա, մեր ֆինանսիստները ֆիննախի հետ միասին սխեմա են մշակել, որպեսզի այդ փողը անշառ գա ու հասնի ձեզ»:

Փոխնախարարը նաև ասաց, թե չնայած գործարանի կուտակած հսկայական պարտքին, կառավարությունն այն սնանկ ճանաչելու որոշում դեռ չի կայացրել և շարունակում է ներդրող փնտրել։ Մինչդեռ օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Բազե 2015» հավաքի ժամանակ հայտարարել էր, թե համաշխարհային բանկի միջոցներով անցկացված աուդիտի եզրակացության համաձայն, այսօրվա տեխնոլոգիաներով «Նաիրիտ»-ի ապագան անիմաստ և անարդյունավետ է։ «Դա նշանակում է նոր գործարանի կառուցում, հիմա ՀՀ կառավարությունը այդ հնարավորությունը չունի»,- ասել էր վարչապետը։

«Այսինքն, ինքը հենց սկսզբից ասում է՝ ներդրողներ մի եկեք»,-դժգոհում էին ցուցարարները, ինչին փոխնախարարը հակադարձում էր՝ վարչապետն ընդամենը ներկայացրել է աուդիտի եզրակացությունը:

Ավելի ուշ այս բանավեճին միացած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, դիմելով գործարանի աշխատողներին, ասաց․ «բավականին բարդ և պատասխանատու հարց եք առաջ քաշում, որի պատասխանը էսօր մենք չունենք»:

Նախարարը, սակայն, հավելեց, որ իրենք վերագործարկման հարցը լուծելու համար անում են հնարավորը և հավանական ներդրողի համար պատրաստ են անգամ պարտքը որոշակի ժամկետով սառեցնել։

Նաիրիտցիների արձագանքին էլ, թե իրենք էլ ցույցերով կօգնեն, որ գործարանը շուտ վերագործարկվի, նախարարը հակադարձեց․ «ես ձեր օգնության կարիքը չունեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG