«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները որոշել են ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ՝ այս անգամ գործարանը վերագործարկելու պահանջով։
Նրանց խոսքով, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամբիոններից ամեն անգամ մի նոր հայտարարություն է անում, սակայն սայլը տեղից չի շարժվում։
«Եկել ենք, որպեսզի երկրի ղեկավարությունը պատասխան տա, թե իրենք ի՞նչ գործողություններ են ձեռնարկում վերագործարկման համար, ինչպե՞ս են փորձում ներդրողներին գրավել։ Ես կարծում եմ, որ ներդրողներին գրավելու համար պետք է ցույց տալ «Նաիրիտ»-ի առավելություններն ու միջազգային տենդեր հայտարարել։ Ինչն արվո՞ւմ է, չի՛ արվում», - ասաց «Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ կառավարությունը հաշվի չի առնում գործարանի մասնագետների երկու տարի առաջ գրած ծրագիրը, համաձայն որի, գործարանը կարելի է աշխատեցնել 50-60 միլիոն դոլարով։
«Կառավարությունն անընդհատ խոսում է երկու «ֆրոնտով»՝ մի դեպքում ասում է, որ աննպատակահարմար է վերագործարկումը, մյուս դեպքում ասում է՝ ուզում ենք վերագործարկել։ Երբեք չի խոսում այն մասին, որ մեր մասնագետները ներկայացրել են ծրագիր՝ ավելի ցածր գումարներով աշխատեցնելու մասին, բայց խոսում է, որ կա աուդիտ և առնվազն 300 միլիոն դրամ է անհրաժեշտ», - հավելեց համակարգող խմբի անդամը։
Նաիրիտցիներն ասացին, որ պատրաստվում են համագործակցել այն հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի հետ, որոնք ևս շահագրգիռ են գործարանն աշխատեցնելու հարցում։
Ազգային ժողովում ևս «Նաիրիտ»-ի հարցով լսումներ կսկսվեն։