«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին», - տեղեկացնում է ԼՂ ՊԲ-ն:
Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, երկու կողմերից էլ զոհեր կան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ՊՆ խոսնակը։
ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ընդգծելով, որ անցած գիշեր շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ուժգին հրետակոծության է ենթարկել հայկական դիրքերը՝ խախտելով հրադադարը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է՝ «Բաքուն ուժգնացնում է լարվածությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության սաստկացող քննադատության ֆոնին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների և ԼՂ հարցում որդեգրած ապակառուցողական դիրքորոշման հետ»: