Մատչելիության հղումներ

Լայվ բլոգ. բախումներ շփման գծի ողջ երկարությամբ

Ապրիլի 1 լույս 2-ի գիշերվանից շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում:

22:53 3.4.2016

Վայրագություններ՝ Թալիշում

Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում և լուսանկարել է գնդակահարված Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային: Նրանց ականջները կտրված են եղել: Գնդակահարված է եղել նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանը: Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

22:43 3.4.2016

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը, հորդորելով կողմերին հարգել հրադադարը և արագ վերադառնալ ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններին, հայտարարել է․- «Կոչ եմ անում հեռացնել ողջ հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Մանրամասներն՝ այստեղ:

22:38 3.4.2016

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրությունում:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև հրապարակել է տեսագրություն, որում, ինչպես հայտնում է, կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: «Այնինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական...», - շեշտված է հաղորդագրությունում:

Ստորև՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հրապարակած տեսագրությունը.

22:35 3.4.2016

Վաղը ժամը 18-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG