Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը պետք է անհապաղ լուծվի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այն պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Անթալիայում հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է տարածքների վերադարձի մասին՝ ավելացնելով, որ դա պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում: Չավուշօղլուն նաև քննադատել է Մինսկի խմբին՝ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծելու համար»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը: «Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», - ավելացրել է Վիալը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են «առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր»:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են, կիրակի երեկոյան հաղորդեց Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ ծավալված մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: