Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին այսօր անցկացրել է խորհրդակցություն՝ արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ: «Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրությունում:
Հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի ևս մեկ տանկ է ոչնչացրել՝ ադրբեջանական խփված տանկերի թիվը հասցնելով 15-ի, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Ազատության» նկարահանող խումբը Մարտակերտում է: Դիտեք մեր ստացած առաջին կադրերը: