Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: «Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: «Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ)», - ասված է հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունը. «Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմականգործողությունների վարումը»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում շաբաթ երեկոյան տեղադրված հայտարարությունում Ֆրանսիայի նախագահը ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր։ Օլանդը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։ «Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։
Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: «Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: «Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը: Անկայուն իրավիճակը տեղում ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անմիջապես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո», - հայտարարում է Քերրին: Վերստին շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետքարտուղարն ամփոփում է. - «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հաստատապես հանձնառու է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար երկարատև և բանակցային խաղաղ կարգավորման»: