Մատչելիության հղումներ

Լայվ բլոգ. բախումներ շփման գծի ողջ երկարությամբ

Ապրիլի 1 լույս 2-ի գիշերվանից շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում:

01:55 3.4.2016

ԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից, նրան հատկապես մտահոգել են ծանր զինատեսակների կիրառումը և զոհվածների մեծ թիվը՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում անմիջապես վերջ տալ մարտական գործողություններին, ամբողջությամբ հարգել հրադադարի համաձայնագիրը և հրատապ քայլեր ձեռնարկել՝ լիցքաթափելու իրավիճակը: Բան Կի-մունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ու այս վտանգավոր իրավիճակին լուծում տալու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը հասնելու համար աշխատող բոլոր կողմերի ջանքերին, ասված է հայտարարությունում:

01:54 3.4.2016

Հրավիրվել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին քիչ առաջ հաղորդել է APA լրատվական գործակալությունը:

23:04 2.4.2016

Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին: Նա ներկայացրել է իրավիճակը շփման գծում և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:

22:46 2.4.2016

Ղարաբաղյան շփման գծում վերջին իրադարձությունները և ստեղծված իրավիճակն են քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ: «Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը լիակատար աջակցություն հայտնեց Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG