Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են՝ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ընդգծելով՝ հայկական կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱՊԿ-ը անդրադարձել է իրավիճակի սրմանը՝ ըստ էության մեղադրելով Ադրբեջանին: «Բաքվի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման»,-«Интерфакс-АВН»-ին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝հավելելով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։
Ղարաբաղի Զորավան գյուղում այս գիշեր վիրավորված երեխաները վիրահատվել են, նրանց վիճակը դեռևս կայուն ծանր է՝ «Ազատությանը» հայտնել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը։
Վիրավորները 11 և 12 տարեկան են, մեկը ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Նույն վայրում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զորավանցի ևս մեկ երեխա զոհվել է։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե այս պահին խաղաղ բնակչության շրջանում այլ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չունեն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։