Նախագահական նստավայրի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Պաշտոնական Ստեփանակերտը ճշտում է վիրավորների թիվը՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ:
«Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- ասել է ղարաբաղցի պաշտոնյան:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ:
APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թերթերի շրջանի Ղարաղաջի գյուղում հայկական կողմից հրետակոծման հետևանքով զոհվել է այդ գյուղում բնակվող փախստական Ջալալ Ռահիմովը, նրա որդի Օրհան Ռահիմովը ծանր վիրավորվել է՝ զրկվելով ոտքերից։