Մատչելիության հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպասվող այցը ոգևորել է Հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալներին


Դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցելությունից տպավորված երևանցի կաթոլիկները նշում են. այս պատմական իրադարձությունը կարևոր է ոչ միայն իրենց, այլև ամբողջ հայ ժողովրդի համար։

«Սերունդներ գուցե երազեին․․․ Հռոմի պապերը ընդամենը 15-16 տարվա ընթացքում երկու անգամ այցելում են Հայաստան: Առաջին երկու հազարամյակում նման երևույթ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Կաթողիկե եկեղեցու հավատացյալ Վաղարշակ Թանգամյանը:

Երևանցի կաթոլիկների հոգևոր հովիվ, հայր Նարեկ վարդապետ Մնոյանի խոսքով՝ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Հայաստան՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով, մեծ պատիվ էր իրենց համար։ Երևանի Հայ կաթողիկե կենտրոնում, որ նախկին մանկապարտեզի շենքում է տեղակայված, Հռոմի պապը նաև ճաշի է մասնակցել․ - «Իհարկե, խանդավառություն է․․․ Միլիարդուկես եկեղեցի ունեցող քահանայապետը ուշադրություն է դարձնում փոքրիկ այն համայնքին, որ կա Հայաստանի մեջ»:

Հայաստանում կաթոլիկներն ապրում են հիմնականում հյուսիսային մարզերում՝ Գյումրի և Տաշիր քաղաքներում, շրջակա գյուղերում: Տաշիրի մարզում գրեթե ամբողջապես կաթոլիկ է 24 գյուղերի բնակչությունը: Տաշիր քաղաքում մինչև վերջերս անգամ առաքելական եկեղեցի չկար:

Երևանի կաթոլիկները հիմնականում Վրաստանի հայաբնակ Ջավախքից են այստեղ տեղափոխվել։ Դեռ եկեղեցի չունեն։ Նախկին մանկապարտեզի շենքն են հարմարեցրել եկեղեցական արարողությունների ու առաջնորդարանի համար։

Եկեղեցու հետևորդները առաքելականի համեմատությամբ մեծ տարբերություններ չեն տեսնում․ որոշ առանձնահատկություններ ունեն ոչ միայն ծիսակարգերի, այլև կենցաղի ու ապրելակերպի առումով:

«Ուղղակի մենք՝ կաթոլիկներս, մի քիչ խիստ ենք․ առանց պսակի հարսանիք չկա, երեխան ծնվեց, մինչև քառասունքը պիտի կնքվի․․․ Ես երկու զավակ ունեմ, երկուսն էլ կաթոլիկ եկեղեցականների հետ են ամուսնացել», - ասաց Աննա Այվազյանը:

Այվազյանը մանկավարժ է։ Հայաստան են տեղափոխվել 40 տարի առաջ Վրաստանի Ախալցխայի շրջանից: «Եղել է, որ իմ աշխատանքի վայրում, երբ ասել եմ, որ կաթոլիկ եմ, միանգամից սարսափահար նայում են դեմքիս: Իրենց թվում է, դա աղանդ է, քրիստոնեության դավաճաններ են իրենք համարում կաթոլիկներին», - պատմեց նա:

Խոսակցական լեզվում Հայաստանում բնակվող կաթոլիկներին սովորաբար «ֆրանգ» են անվանում՝ եվրոպացի, օտարական իմաստով։ Բառի ստուգաբանությունը կապում են Կիլիկյան Հայաստանում ֆրանցիսկյան միաբանության քարոզիչների անվան հետ։ Մինչև այսօր էլ հաճախ այսպես են դիմում տեղացի կաթոլիկներին։

«Հիմա էլի կա․․․ ֆրանկ եք, չգիտեմ ինչ եք․․․ այնպես են մատուցում, որ վիրավորեն քեզ, անձդ վիրավորեն», - ասաց Վաղարշակ Թանգամյանը:

«Ես երբեք չեմ թաքցնում, բայց ես շատ մարդու գիտեմ իմ ընկերների շրջապառում, ովքեր իրենց կրոնը թաքցնում են: Մտածում են, թե շրջապատը իրենց նկատմամբ կարծիքը կփոխի, իրենցից կխուսափի», - հավելեց Աննա Այվազյանը:

Իսկ հայր Նարեկ վարդապետ Մնոյանն ասաց․ - «Մեծերը, օրինակ, չեն նեղվում․․․ Ավելի քաղաքների մեջ է, որ երիտասարդ սերունդը, ունենալով հասարակության մեջ ներգրավվելու խնդիր, նաև վիրավորական ինտոնացիա տեսնելով սրա մեջ, փորձում է հասկանալ, թե ինչումն է հարցը: Այն բուն ֆրանկները, որ պատմության ընթացքում եղել են, այդպիսի ֆրանկ, կարելի է ասել, չկա․ լատինացված համայնք, որ լատին եկեղեցու ծեսով, ավանդությամբ է սկսել շարժվել, լատիներեն է աղոթել»:

Կաթոլիկները նաև վստահեցնում են, որ վերջին տարիներին շատ բան փոխվել է։ Հայաստանում իրենց նկատմամբ ավելի հանդուրժող են։

«Քանի որ եկեղեցական փոխհարաբերությունները հիմա ավելի շատացան, մեր կրոնները սկսեցին ավելի միաձուլվել, միասնական դառնալ», - նշեց Վաղարշակ Թանգամյանը:

XS
SM
MD
LG