Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել։
Reuters-ի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավանաբար Հայաստան կգա հունիսի վերջին և այստեղ մի քանի օր կանցկացնի։ Սակայն, խոսնակը նաև ասել է, որ այցի ստույգ օրը դեռ նշանակված չէ։
Անցած ամիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Ֆրանցիսկոս պապի այցելությունը սպասվում է սեպտեմբերին։
2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոս տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Հռոմի պապը Հայ եկեղեցու սրբերի շարքին դասված Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ պատարագի ընթացքում ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը, և այդ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է։
«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու այն», - ասել էր Պապը։