Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը Հայաստան


Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ, 12-ը ապրիլի, 2015թ․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ, 12-ը ապրիլի, 2015թ․

Այս տարվա սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Այդ մասին տեղեկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը Մայր Աթոռում մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխատանքները կավարտի վաղը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ ընթացող ժողովի ժամանակ որոշվել է նաև Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ԳՀԽ-ի ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2015 թվականի գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ըստ ներկայացված տվյալների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 742 է, որոնցից 54-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 48-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 40-ը՝ աբեղա, 469-ը՝ քահանա, 131-ը՝ սարկավագ: Հայաստանի Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևոր սպասավորներ: Հայաստանի քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 7 հոգևորականներ:

2015 թվականին Մայր Աթոռի բաժիններում աշխատել է 1206, Հայաստանի թեմերում և Լեռնային Ղարաբաղում` 1359 անձ: Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան:

Անցած տարի Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցիներ: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG