Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն կորոշի՝ հին, թե նոր ԸՕ-ով Գյումրիում և Վանաձորում քաղաքապետ կընտրեն


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ընտրական օրենսգրքի հաստատումից հետո դրա կիրառման առաջին փորձաքարը կարող են դառնալ աշնանը խոշոր երկու քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունները:

Անցումային դրույթներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրավունք է տրվում որոշել՝ քվեակությունը ո՛ր օրենսգրքով է անցկացվելու՝ հին, թե՝ նոր: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը առաջարկն անընդունելի է համարում:

«Հիերարխիկ դիտարկման պարագայում անգամ էստեղ որոշակի սխալ կա, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր ավելի ցածր ենթաօրենսդրական ակտով չպիտի որոշի օրենքի գործողության մեջ դնելը, թե չդնելը: Եթե հստակ է կանոնը, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը բոլոր ՏԻՄ ընտրությունները պիտի կազմակերպվեն ներկա գործող օրենսգրքով, ապա այդ վերապահման իմաստը չեմ տեսնում, ավելի ճիշտ ենթադրում եմ՝ որն է: Առաջիկա աշնանը նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ այդ խոշոր քաղաքներում, և ԿԸՀ-ն կարող է որոշում ընդունել, որ գնում են հենց այս [նոր] օրենսգրքի կանոններով»,- ասաց Տիգրանյանը:

Փորձագետի համոզմամբ՝ կառավարությունը միտումնավոր է Գյումրիում ու Վանաձորում փոխել քաղաքապետի ընտրության կարգը՝ այդ իրավունքը տալով ավագանուն:

«Հենց այս նախագծի այդ ձևակերպումները հուշում են, որ կարծես «հաշվեհարդար» էր այդ երկու քաղաքների հետ, որովհետև մի տեսակ անկանխատեսելի էին այդտեղ քվեարկությունները և՛ նախագահական ընտրությունների ժամանակ, և՛ հանրաքվեի ժամանակ, այնպես որ այս երկու անկանխատեսելի քաղաքները հիմա դառնում են ավելի վերահսկելի ու կանխատեսելի»,- ասաց Տիգրանյանը:

Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվում է ավագանու անդամների թիվն ավելացնել՝ ներկայիս 21-ի փոխարեն դարձնելով 33: Մյուս կողմից, քաղաքի ղեկավարմանը մասնակցելու իրավունքը տրվում է միայն կուսակցություններին: 4 տարի առաջ ավագանու անդամ ընտրված Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը փաստում է՝ այս ընտրական օրենսգրքով քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները դուրս են մնում պայքարից:

«Այն քաղաքացիները, որոնք կուսակցական չեն, որոնք չեն ուզում լինել կուսակցական ցուցակներում, ուղղակի զրկվելու են այդ հնարավորությունից, դառնալու են դիտորդ: Խստիվ կուսակցականություն է իրականացվում»,- ասաց Բարսեղյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ իշխանությունները առայժմ չեն հիմնավորել՝ ինչո՞ւ են այս երկու խոշոր և ընդդիմադիր համբավ ունեցող քաղաքներում անցնում ՏԻՄ համամասնական ընտրակարգի: Իրավապաշտպանի կարծիքով՝ այս մոդելի ներդրմամբ իշխանությունը փորձում է ամեն գնով ամրապնդել դիրքերը նաև տարածքներում:

«Իրենք խնդիր են դրել իրենց իշխանության շարունակականությունը ապահովելու, և դրան խոչընդոտող ցանկացած գործոնների ճանապարհը փակում են»,- ասաց Սաքունցը․- «Ենթարկեցնելու ռեսուրսների անբավարար քանակի կամ հնարավորությունների բացակայության պատճառով մտցնում են կառավարման ձևավորման մի այնպիսի համակարգ, որտեղ այդ ռեսուրսները չիրացվեն, չարտահայտվեն»:

Թեև քննարկմանը հրավիրված էին նաև ընտրական օրենսգրքի մշակմանը մասնակցած պաշտոնյաները, սակայն նրանցից որևէ մեկն այսօր հանրապետության երկրորդ քաղաք չէր եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG