Մատչելիության հղումներ

Հարազատները ջանքեր են գործադրում Հարությունյանին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ


Ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանի հարազատները արդեն մի քանի տարի է պայքարում են, որպեսզի նա իր պատիժը շարունակի կրել Հայաստանում։

Տրոիցկի շրջանի դատարանը նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Վարորդի կնոջ հոր խոսքով, իրենք Հրաչյային Հայաստան տեղափոխելու խնդրով բազմիցս դիմել են Արդարադատությանն նախարարություն ու Դատախազություն․ - «Քանի-քանի անգամ ես եղել եմ ստեղ [Արդարադատության] նախարարությունում, եղել եմ Արտաքին գործերի նախարարությունում, Մոսկվայի հետ եմ անընդհատ կապվել, որ իրան տեղափոխեն Հայաստան․․․ Բայց բանից պարզվում ա, ոչ մի տեղաշարժ չկա: Նախարարը քանի անգամ ինքն էլ ելույթ ունեցավ, որ Հրաչյա Հարությունյանին պիտի տեղափոխենք Հայաստան շուտով»։

Հարազատները հերքում են լուրերը, թե Հրաչյա Հարությունյանին բանտում ծեծում ու ստորացման են ենթարկում, սակայն նշում են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Կնոջ հոր՝ Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով, նրան համապատասխան բուժօգնություն չի տրամադրվում․ - «Իրականում ոչ մի բուժում չի կատարվում, միայն ցավազրկող են սրսկում, ցավազրկողն էլ անցնում ա ժամերի տակ, ու ասում ա էլի շատ վատ եմ։ Ասում ա՝ էս երկու օրը ինձ նորից պիտի տանեն փակի տակ պահեն, որովհետև ինձ հաշվում են սեմուլյանտ»:

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ չնայած դատավճիռը վաղուց կայացել է, սակայն վթարից տուժածների հարազատները պարբերաբար բողոքում են, նաև ֆինանսական փոխհատուցման պահանջ ներկայացնում։

Հրաչյա Հարությունյանի կինը վթարից ի վեր ամուսնուն միայն հեռուստացույցով է տեսել: Ռուսաստան հասնելու և նրան տեսակցելու համար ընտանիքը գումար չունի։ Հենց սոցիալական խնդիրների պատճառով էր Հրաչյա Հարությունյանը մեկնել արտագնա աշխատանքի։

«Գնացել էր, որ բանակում հիվանդություն ձեռք բերած ու մահացած որդու շիրմաքարի գումարը բերի», - ասում է Անահիտը։ - «Մայիսին էր գնաց, հուլիսին էդ դեպքը եղավ»:

«Ես չէի ուզում գնար, բայց ինքն էլ ասեց, որ էրեխեն տենց ա, մերն էլ մահացավ, ասեց՝ պիտի գնամ, աշխատեմ, որ գոնյա երեխու գերեզմանը սարքեմ», - հավելեց Հրաչյա Հարությունյանի հայրը՝ Հովսեփ Հարությունյանը։

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար արդեն դիմել են ռուսաստանյան կողմին։

Ինչ վերաբերում է դատապարտյալին Հայաստանին հանձնելուն, ապա դա, ըստ նախարարության պատասխանի, տևական գործընթաց է։

«Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված գործընթացներին, որը ներառում է մի շարք ընթացակարգեր, այդ թվում և դատական: Նմանատիպ գործերը, սովորաբար, տևում են տարի և ավելի», - ասված է պատասխանում:

XS
SM
MD
LG