Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Հարությունյանի բողոքը


Վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Հարությունյանի բողոքը
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Մոսկվայի վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հրաչյա Հարությունյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Օգոստոսին Մոսկվայի Տրոիցկի շրջանի առաջին ատյանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղավոր ճանաչելով Պոդոլսկի վթարի, բացի այդ՝ փաստաթղթեր կեղծելու մեջ:

Հարությունյանն ընդունել էր ծանր հետևանքներ առաջացրած ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման մեղադրանքը, սակայն պնդում է, որ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքն անհիմն է:

Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանի խոսքով, փաստաթղթերի կեղծիքի վերաբերյալ մեղադրանքը իր պաշտպանյալին առաջադրվել է «անթույլատրելի ապացույցների օգտագործմամբ»: «Ազատության» հետ զրույցում Ռուբեն Մարգարյանն ասաց.- «Մարդը չի կարող մեղավոր լինել այն բանի համար, ինչը չի արել»:

Ռուբեն Մարգարյանի խոսքով, փաստաթղթի կեղծիքի վերաբերյալ մեղադրանքն առաջին ատյանի դատավճռի հիմքում է դրվել «ակնհայտ հակասությունների պայմաններում»: Վկաների և տուժողների ցուցմունքներն, ըստ նրա, հակասում են իրար:

«Իսկ հակասությունները չեն կարող մեկնաբանվել Հարությունյանի դեմ, ըստ օրենքի՝ դրանք մեկնաբանվում են ամբաստանյալի օգտին: Նշանակում է՝ ինքը ճիշտ է ասում»,- պնդեց Ռուբեն Մարգարյանը:

Ի դեպ, այսօր Վերաքննիչ դատարանում տուժող կողմը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճռի այն մասը, ըստ որի՝ տուժողներին մոտ 16 միլիոն ռուբլու չափով փոխհատուցելու հարցը պետք է որոշվի առանձին դատական հայցերի հետևանքով: Դատարանը մերժել է պահանջը: Փաստաբանի փոխանցմամբ, Հրաչ Հարությունյանն ասել է՝ դեմ չէր լինի վճարել, բայց նա գումար չունի:

Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած Հրաչյա Հարությունյանը մեկնել էր Ռուսաստան, քանի որ Հայաստանում սոցիալական սուղ պայմաններում էր:

Փաստաբանի փոխանցմամբ, այսօր Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է տեղի ունեցածի համար և ցավակցել է տուժող կողմի ներկայացուցիչներին: Որևէ այլ խոսք, ըստ Ռուբեն Մարգարյանի, Հրաչյա Հարությունյանը չի ասել:

Հիշեցնենք՝ տեսախցիկներն էին արձանագրել, որ ռուսաստանցի իրավապահները հայաստանցի Հրաչյա Հարությունյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ նրան դատարան էին տարել հիվանդանոցից՝ խալաթով: Երկարատև բողոքների և միջնորդությունների արդյունքը եղավ այն, որ աշխատանքից ազատվեց նրան խալաթով դատարան տեղափոխած քննիչը և ոչ մի պատասխանատվության չենթարկվեց:

Փաստաբան Մարգարյանի փոխանցմամբ, Վերաքննիչի այսօրվա դատավճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

Ռուսաստանի օրենսդրությամբ՝ Հրաչյա Հարությունյանն արդեն կարող է դիմել Ռուսաստանի արդարադատության նախարարություն՝ խնդրելով իրեն տեղափոխել Հայաստան՝ պատիժը կրելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG