Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ «քննարկվում է»


Փաստաբան Ռուբեն Մարգարյանը սպասում է իր պաշտպանյալ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու դիմումի պատասխանին։

Փաստաբանի խոսքով, Հարությունյանի վերաբերյալ դատավճռից հետո դիմումի խնդրանքն է՝ Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հարությունյանին Ռուսաստանի բանտից Հայաստանի բանտ տեղափոխելը:

«Մենք պետք է միայն այդ կապակցությամբ դիմենք, պատժաչափը Հայաստանում կրելու հարցով։ Մնացածը՝ այդ գործընթացը, կարգավորում են երկու երկրների արդարադատության նախարարությունները»,- ասաց փաստաբանը:

Հայաստանի Արդարադատության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, Հարությունյանի կինն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է նախարարություն՝ խնդրելով, որ ամուսնուն տեղափոխեն Հայաստան: Նախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ դիմումին ընթացք են տվել, հիմա Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Արդարադատության նախարարության հետ «քննարկումների մեջ է»։

Մոսկվայի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 25-ին մերժել էր Հրաչյա Հարությունյանի բողոքը: Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հարությունյանը դատապարտվել է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդու մահվան, բացի այդ՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Իրեն 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատավճիռը բողոքարկելով, Հարությունյանը պահանջել էր արդարացում երկրորդ մեղադրանքով: Սակայն, Մոսկվայի դատարանը չէր ընդունել հայ վարորդի փաստարկները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ պաշտպանի գրասենյակն Արդարադատության նախարարությանն է փոխանցել անհրաժեշտ բոլոր նյութերը՝ դրանք ավելի վաղ ստանալով Հարությունյանի փաստաբանից:

Պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի խոսքով, Հարությունյանի կինը օմբուդսմենի գրասենյակ էր դիմել դեկտեմբերի 2-ին, դիմումը «նաև ուղարկվել էր Արդարադատության նախարարություն»։

Ռուսաստանում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանավորել էին տեսախցիկների առջև՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով ծաղկավոր խալաթով: Իրավաբաններն ու փաստաբանները Հայաստանում անհրաժեշտ էին համարում Հայաստանի դատախազության կամ Արդարադատության նախարարության անհետաձգելի քայլերը:

Իրավաբանները, մասնավորապես, նշում էին, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարությունը պարտավոր են դիմել անհրաժեշտ քայլերի, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս ՀՀ պաշտպանության ներքո են։ Սակայն, Գլխավոր դատախազությունն այդ պայմաններում հայտարարում էր, թե չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով: Նույն պատասխանն էր տալիս Արդարադատության նախարարությունը: Փաստորեն այդպես էլ Հայաստանի կառավարությունը որևէ մասնակցություն չունեցավ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացու գործի քննությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG