Հանրապետական խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ չստորագրեց Դաշնակցության հետ քաղաքական համաձայնագիրը, դրանից փաստաթղթի կարևորությունը չի նվազում:
Դաշնակցությունը նախապես հայտարարել էր, որ քաղաքական համաձայնագիրը ստորագրելու են ՀՀԿ նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը և Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Սակայն ստորագրման արարողությունից հետո, որն, ի դեպ, անցավ փակ դռների ետևում, հայտնի դարձավ՝ Հանրապետականից ստորագրողը կրթության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։
«Ազատության» դիտարկմանը, որ կոալիցիոն հուշագրերը սովորաբար Սերժ Սարգսյանն էր ստորագրում, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.- «Համաձայնագրի կշիռը չի կարող այստեղ նվազել ստորագրող անձի հետ կապված, համաձայնագրի տեքստում կամ պայմանավորվածության մեջ որևէ բան չի փոխվում»։
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես վստահեցնում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրության բացակայությունը որևէ բան չի փոխում.- «Չէ, նախ ես մտածում էի, որ ներկայացուցիչները պիտի լինեն կուսակցությունների ղեկավարները, մեզ մոտ Գերագույն մարմնի ներկայացուցիչն է, տրամաբանորեն ես ասել էի, որ Հանրապետականինն էլ նախագահն է, բայց փաստը՝ կոնկրետ ով է ստորագրում, էդքան էական չէ»։
Մինչդեռ անցյալում ստորագրված բոլոր կոալիցիոն հուշագրերը, նաև քաղաքական համաձայնագրերը ստորագրվել են կուսակցությունների ղեկավարների կողմից: 2007-ին, 2008-ին և 2012-ին ձեռք բերված կոալիցիոն բոլոր հուշագրերը և համաձայնագրերը Հանրապետականի անունից Սերժ Սարգսյանն անձամբ է ստորագրել։
Հանրապետականն ու Դաշնակցությունը երեկ ստորագրած համաձայնագրով խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ և տարանջատել բիզնեսը իշխանությունից: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք, թե ի՞նչն էր խանգարում իրենց առայսօր անել այդ ամենը:
«Քանի որ այս տարիների ընթացքում եղել են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, և մեծամասնական ընտրակարգով մենք չենք կարող որևէ մեկին թելադրել, որ դու մի ընտրիր տվյալ անձնավորությանը, որովհետև նա բիզնեսի ներկայացուցիչ է, դա ժողովուրդն է որոշել»,- ասաց Բաղդասարյանը։
«Բայց չէ՞ որ օրենք է խախտվել». այս դիտարկմանն էլ ՀՀԿ-ի ներկայացուցիչը արձագանքեց.- «Բայց մարդը ձերբազատվել է դրանից, նա իրավունք ունի փայատեր լինելու... համենայնդեպս, լրագրողները պնդում են, և մենք էլ գիտենք, որ կա գործարար աշխարհ, որը ներկայացված է նաև Ազգային ժողովում։ Իսկ հիմա խորհրդարանական համակարգի հետ կապված մի փոքր պատկերը փոխվում է»։
«Հաջորդ գումարման ԱԺ-ում չե՞նք տեսնի այդ անձանց»։ «Տեսանելի փոփոխություններին բոլորդ ականատես կլինեք»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Ընդդիմադիրների գնահատականները
Մինչդեռ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցնում է՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը նույն այդ խոստումները նախկին կոալիցիաներում մի քանի անգամ տվել են և հենց իրենք էլ չեն կատարել:
«Փորձում են իրենց քաղաքական բավականին ճղճիմ գործարքին տալ մի քիչ վեհ տեսք, իբր այդ ամենը արվում է ինչ-որ գաղափարների, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Դա ասում են նույն այն ուժերը, որոնք ցույց են տվել, որ ամենակոռումպացված, ամենաանժողովրդավար ուժերն են Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Զուրաբյանը։
Հարցին՝ կկարողանա՞ Դաշնակցությունը ստիպել ՀՀԿ-ին կատարել բիզնեսը իշխանությունից զատելու խոստումը, Զուրաբյանը արձագանքեց.- «Ինչի Դաշնակցությունը բիզնեսով չի զբաղվո՞ւմ։ Այսինքն՝ մենք չգիտե՞նք ինչ բիզնեսմենների են հովանավորում, չգիտե՞նք ինչով են զբաղված»։
«Ժառանգության» ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես անհնար է համարում, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը իրականություն դարձնեն համաձայնագրում տեղ գտած դրույթները և, մասնավորապես, պայքարեն կոռուպցիայի դեմ։
«Եթե հենց տվյալ անձն է կոռումպացված, ինչպե՞ս դու իր հետ պիտի պայքարես կոռուպցիայի դեմ։ Դա բացառված է»,- ասաց նա։
Նախկին արտգործնախարար, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, անդրադառնալով Դաշնակցության հետ ստորագրված քաղաքական համաձայնագրին, նշում է՝ Սերժ Սարգսյանն այս կերպ փորձում է մեկուսացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Որպեսզի հանկարծ չլինի համախմբում այն ուժերի հետ, որոնք մեկ տարի առաջ սպառնալիք էին ներկայացնում իշխանությանը։ Առաջին քայլով Ծառուկյանը դուրս մղվեց դաշտից, երկրորդ քայլով փորձ է արվում մեկուսացնել նաև երկրորդ նախագահին հնարավոր համագործակցությունից։ Այս գործընթացը ուղղված է ամրապնդելու Սերժ Սարգսյանի իշխանությունը և նաև պատգամ է իր կուսակիցներին, որ ինքը հավասարապես բոլորից հեռու է լինելու և չի մասնակցելու ներկուսակցական բոլոր խմորումներին, այլ մնալու է ներքաղաքական հաշտարարի բարձր պատվանդանին, և բոլոր կողմերը կռիվներից հետո գալու են իր մոտ՝ խնդրելու, որ հաշտեցնի իրենց՝ դրանով իսկ երաշխավորելով անփոխարինելի դերը քաղաքական համակարգում»,- կարծիք հայտնեց Արզումանյանը։
Իսկ թե ի՞նչ շահ է հետապնդում Դաշնակցությունն այս համագործակցությունից, արդյոք նա այս կերպ չի՞ փորձում ամրապնդել դիրքերը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Ալեքսանդր Արզումանյանն ասում է, թե այս պահին չէր ցանկանա նման գնահատական տալ.- «Սպասենք։ Եթե կտեսնենք, որ դա եղել է զուտ աթոռներին տիրանալու համար, կարող ենք գնահատական տալ»։