Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը պնդում է՝ «Հայկական վերածնունդին» մարդ-կուսակցություններ չեն միացել


«Ամեն մի կուսակցությունում նվազագույնը երկու-երեք հազար մարդ կա», - ասում է ՕԵԿ առաջնորդը:

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իշխանություն դառնալու նոր հայտ է ներկայացնում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 կուսակցությունների ու շուրջ 140 հասարակական կազմակերպությունների հետ Բաղդասարյան այսօր «Հայկական վերածնունդ միավորում» անվանմամբ նոր կուսակցություն հիմնադրեց։

2008թ. մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի հետ ստորագրած հուշագրով իշխանության հետ կոալիցիա կազմած Արթուր Բաղդասարյանը պնդում է՝ ՕԵԿ-ը հեղինակազրկված չէ, նոր կուսակցության հիմնադրումն այլ նպատակ ունի․ - «Մենք պետք է մեր մեջ սպանենք այն ստրկացած հատվածին, որ կա, որը կորցրել է իր հույսը, ոչ մի բանի չի հավատում․․․ մենք պետք է կարողանանք գտնել մեր ներսում մեր հավատի ուժը, մեր պայքարի ներուժը, մեր ոգին ու վճռականությունը՝ իսկապես պոռթկում կատարելու համար»:

Թվարկելով նախաձեռնությանը միացած 12 կուսակցություններին, Արթուր Բաղդասարյանը պնդեց, թե դրանք ամենևին էլ մարդ-կուսակցություններ չեն․ - «Ամեն մի կուսակցությունում նվազագույնը երկու-երեք հազար մարդ կա: Գումարենք՝ կա մոտավորապես 40-50 հազար մարդ, հասարակական կազմակերպություններին չհաշված, միացել են այս շարժմանը»:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթում մի քանի անգամ հպարտությամբ շեշտեց՝ նախաձեռնությանն են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչը, ըստ նրա, գրեթե չլսված իրադարձություն է ամբողջ աշխարհում։ «Հայկական վերածնունդ միավորման» հետ միավորվելու պատրաստակամություն են հայտնել «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ» հիմնադրամ, «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միավորում, «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» և այլ ՀԿ-ներ։

Մոտ 2 տասնամյակ Ազգային ժողովում ներկայացված և շուրջ 6 տարի իշխող հանրապետականների հետ համագործակցած ՕԵԿ պատգամավորները պնդում են, թե երկիրն այս վիճակին է հասել վատ կառավարման արդյունքում։

«Մեզ համար անցյալի և ներկայի թալանչիներ չկան: Մեր կուսակցությանը ղեկավարը՝ պարոն Արթուր Բաղդասարյանը, որը խոհեմ, զգույշ, հզոր, ուժեղ, գրագետ, կազմակերպված քաղաքական գործիչ է, և մեր գործընկերները, որոնք միացան մեզ, ստեղծեցին նոր ուժ: Նրանց հետ միասին մենք կրկնապատկեցինք, եռապատկեցինք մեր հզոր ուժը, և ես վստահ եմ, որ այդ ուժերով միասին մենք «Հայկական վերածնունդի» միջոցով երկրում հաղթելու ենք, ժողովրդին դարձնելու ենք միաբան՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի», - իր ելույթում հայտարարեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ավելի վաղ Արթուր Բաղդասարյանի հիմնադրած նոր կուսակցության անվան վերաբերյալ իր բողոքն էր արտահայտել Սփյուռքի հայկական կազմակերպություններից մեկը, որն արդեն 3 տարի է՝ գործում է «Հայկական վերածնունդ» անվանմամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում հիմնադրված կառույցը պաշտոնական հաղորդագրությամբ մի քանի անգամ կոչ էր արել Արթուր Բաղդասարյանին «չգողանալ»իրենց անվանումը, պնդելով, որ՝ «վարկաբեկված ՕԵԿ-ը նոր անունով հասարակությանը ներկայացնելը ոչ թե վերածնունդ է, այլ հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ»։

Արթուր Բաղդասարյանն այս թեմային այսօր չանդրադարձավ, նրան հարցեր ուղղելու հնարավորություն չեղավ, քանի որ կուսակցության առաջնորդը համագումարին ներկայացավ համալիրի հետնամուտքից՝ թիկնապահների ուղեկցությամբ, և նույն ճանապարհով էլ հեռացավ:

XS
SM
MD
LG