Գևորգ Սաֆարյանն իր ազատության հարցով դիմել է դատական վերջին՝ վճռաբեկ ատյան: Միաժամանակ ընդդիմադիր ակտիվիստը բողոք է ներկայացրել նաև Վերաքննիչ դատարան՝ պահանջելով իրեն ազատ արձակել գրավի դիմաց: Նախորդ շաբաթ դատարանը մերժել էր նաև այս միջնորդությունը։
«Երեք դատավորներ են գործը քննել։ Առաջին անգամ առաջին ատյանի դատավորը, երբ խափանման միջոցը կալանավորումը ընտրեց, կիրառել էր էնպիսի օրենք, որը գոյություն չունի, կեղծել էր, ըստ էության, միջազգային պայմանագիրը։ Երկրորդ՝ Վերաքննիչ դատարանի դատավորը որևիցե ձևով, նույնիսկ մեկ նախադասությամբ չէր պատճառաբանել, երրորդ դատավորը գրավը կիրառելու ժամանակ ընդհանրապես իրավաբանական գոնե մեկ նախադասություն չի ասել։ Թույլ են տվել էնպիսի խախտումներ, որ էդ դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկել»,- ասաց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Փաստաբանը համոզված է, որ իրավապահները միջնորդելու են ևս երկու ամսով երկարացնել Գևորգի կալանքը, հակառակ դեպքում մարտի 1-ին ընդդիմադիր ակտիվիստը պետք է ազատ արձակվի: Ստեղծվել է չորս հոգանոց քննչական խումբ, որն, ըստ փաստաբանի, վերջին օրերին ակտիվորեն ավարտին է տանում քննությունը՝ գործն արագ դատարան ուղարկելու համար։
«Բավականին առերեսումներ են կատարվել։ Ամեն մի ոստիկան տարաբնույթ ցուցմունքներ է տալիս։ Որևէ երկու ոստիկանի ցուցմունքը չի համընկնում։ Ավելի քան չորս ոստիկաններ ամբողջ ընթացքը նկարել են։ Թող մեկ տեսանկարահանում լինի, որտեղ Գևորգը հակաօրինական գործողություն է կատարել, բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ»,- ասաց Հայրապետյանը։
Փոխարենը կա նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությունը ոստիկանապետին: Ըստ տեսանյութի նկարագրելով միջադեպը՝ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել էր.- «․․․ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով և ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաև՝ Գևորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում և հարվածում է քաղաքացիներին»։
Ոստիկան Գեղամ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում երեկ առերեսվել է իր դեմ բողոք գրած ակտիվիստների հետ։ Նրանք պնդում են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել Ամանորի գիշերը: Իրավապահները, սակայն, երեկվա առերեսմանը ակտիվիստ Վահրամ Պետրոսյանին ճիշտ հակառակ սցենարն են ներկայացրել։
«Նշում են, որ իբրև թե Գևորգը ձախ ձեռքով էնպիսի մի հուժկու հարված է հասցրել Գեղամին, որ նա ընկել է գետնին և ունքը պատռվել է։ Այնինչ մեր ընկերներից մեկը էդ միջադեպից հետո հիվանդանոցում հանդիպել է Գեղամ Խաչատրյանին, և նա որևէ վնասվածք չի ունեցել։ Նույն պատմությունը նաև իմ հետ կապված էր։ Նշում են, որ ես հարվածել եմ Վարդան Ապրեսյանին, որից հետո նա անկանոն ինչ-որ շարժումներ է արել, որոնք ինձ չեն էլ դիպել, որից հետո ես նորից եմ հարվածել Ապրեսյանին, իսկ Գեղամ Խաչատրյանը ուղղակի ինձ հետ է հրել։ Փորձում են տեղի ունեցածը բարդել մեր վրա»,- եզրակացրել է Պետրոսյանը։
Երեկվա հարցաքննությունից հետո ոստիկանների դեմ բողոք գրած ընդդիմադիրն արդեն չի բացառում, որ ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին.- «Զգացվում էր, որ իրենց մոտ ընդհանուր մի հատ մշակված սցենար կա, որը երկուսն էլ կրկնում էին նույն ձևով։ Մտադիր չեն պատժելու որևէ մեկին»։
Դեպքից ավելի քան երկու ամիս անց ոստիկանական բռնությունների մասին բարձրաձայնող հինգ երիտասարդներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, որևէ ոստիկանին մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ Գևորգ Սաֆարյանի դեմ գործ է հարուցվել միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: