Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա


«Նոր Հայաստան»-ի երթը
«Նոր Հայաստան»-ի երթը

«Նոր Հայաստան»-ը Եվրամիությանը կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա: Ազատության հրապարակից երթով հասնելով Եվրոպական պատվիրակության գրասենյակ՝ ընդդիմադիրները հիշեցրին, որ երեկ դատարանը մերժեց ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին՝ հաշվի չառնելով Human Rights Watch-ի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պահանջները։

«ԵՄ-ն գումարներ է հատկացնում Հայաստանի Հանրապետությանը՝ բարեփոխելու ոստիկանությունը։ Հետևե՛ք, թե ինչպես են ծախսվում այդ գումարները։ Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ռեժիմի պահպանման գործիքն է միայն։ Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է սանձահարել»,- ասում էր Գագիկ Եղիազարյանը։

Վարուժան Ավետիսյանը Եվրամիության պատվիրակության վարչական բաժնի ղեկավար Քրիստիան Նիհուզին հորդորում էր պատժամիջոցներ կիրառել Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ։

«Մարդու իրավունքները ոտնահարող և ժողովրդի ընտրական իրավունքը և իշխանությունը յուրացրած վարչախմբի նկատմամբ դրսևորվում է տարօրինակ սիրալիր վերաբերմունք, և երկակի ստանդարտներ են կիրառվում»,- ընդգծեց Ավետիսյանը։

Գրասենյակի ներկայացուցիչը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը՝ խոստանալով մտահոգությունները փոխանցել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը զարմացած չէ դատական իշխանության այսպիսի համառությունից՝ մերժել ընդդիմադիր ակտիվիստի բոլոր բողոքները:

«Հերթական ապօրինությունն է, որ իրականացվեց Գևորգ Սաֆարյանի գործով։ Ինչպես քաղաքական որոշմամբ Գևորգ Սաֆարյանը հայտնվել է անազատության մեջ, այնպես էլ ինքը քաղաքական որոշմամբ է ազատ արձակվելու։ Ակնհայտ է, որ այստեղ օրինականության հետ կապված հարցերը Սաֆարյանի և նման այլ գործերով դատարանին չեն էլ հետաքրքրում։ Դատարանը կատարում է այն, ինչ ասում են»,- ասաց Վարոսյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանը շարունակում է՝ ապօրինի է ոչ միայն կալանքի որոշումը․ նրան մեղադրանք առաջադրելու համար հիմքեր, անգամ հիմնավոր կասկած չկա.- «Նախ և առաջ ոստիկանների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, որից հետո նոր քաղաքացու գործողությունները, եթե նույնիսկ կա բռնություն, նոր կարող են դիտարկվել 316-րդ հոդվածով։ Տվյալ պարագայում ոստիկանության գործողությունները միանշանակ եղել են ոչ իրավաչափ։ Մի բան ակնհայտ է, որ Գևորգ Սաֆարյանը իր քաղաքական հայացքների համար է հետապնդվում»։

Փաստաբանները հիշեցնում են, որ այս ընթացքում քննչական գործողություն չի կատարվել, մինչդեռ Գևորգին հենց այդ նպատակով են անազատության մեջ պահում:

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ անձամբ Սերժ Սարգսյանի որոշմամբ է Գևորգ Սաֆարյանը ճաղերի հետևում.- «Գևորգին պատժելով փորձում են ակտիվ երիտասարդությանը հեռու պահել քաղաքականությունից։ Այս օրերին մենք ականատեսն ենք լինում, բոլոր կողմերից հնչում է մի խորհուրդ՝ մի՛ քաղաքականացրեք, մի՛ զբաղվեք քաղաքականությամբ։ Ինչու չէ նաև վախ ունեն նրանք Գևորգներից, Գևորգի նման ազատ մտածողներից։ Առհասարակ այս ռեժիմը ազատ մարդուց սարսափում է»։

«Նոր Հայաստան»-ն, ի դեպ, կարծես համաձայնության եկել է Հայ ազգային կոնգրեսի հետ՝ մարտի 1-ին միասնական հանրահավաք անցկացնելու շուրջ:

«Նախնական կարող եմ ասել, որ կա [համաձայնություն], որ միասին պետք է արվի, նրբությունների շուրջ այս երկու օրը հստակություն կմտցվի և կհրապարակվի ամբողջը»,- ասաց Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG