Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ԺՀՄԻԳ-ի զեկույցը ոչ օբյեկտիվ է համարում, Մուկուչյանը՝ ասեկոսեների վրա հիմնված


ՀՀԿ-ի պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
ՀՀԿ-ի պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Հանրապետական Հովհաննես Սահակյանը չի ընդունում հանրաքվեն դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քննադատությունը: Իշխող կուսակցության պատգամավորը կարծում է՝ եվրոպացի դիտորդները չափազանց քիչ տեղամասեր են դիտարկել՝ օբյեկտիվ գնահատական տալու համար։

«Ընդհանուր առմամբ՝ զեկույցին մի փոքր այլ ձև եմ վերաբերվում, մի քիչ ավելի կոշտ կամ կոպիտ չարտահայտվեմ, որովհետև կարծես թե հիմքը եղել է բացառապես մամուլի հրապարակումները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը չուներ այն ծավալի դիտորդները կամ այնպիսի դիտորդական գործառույթ չի իրացրել, որ կարողանար օբյեկտիվ գնահատական հնչեցնել»,- ասաց Սահակյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ թեև հայտարարեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ, բայց և ասաց՝ դիտորդների զեկույցում ասեկոսեների հիման վրա արված եզրակացություններ կան:

«Զեկույցում արվել են որոշակի եզրակացություններ, որոնց համար հիմք են ընդունել տարբեր ասեկոսեներ, հրապարակումներ, որոնցում ամրագրված փաստերը՝ որպես արդեն երկրորդական օգտագործման փաստեր, կրկնաստուգման անհրաժեշտություն են զգում»,- ասաց Մուկուչյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն, նկատում է՝ եվրոպացի դիտորդների դիտողությունների զգալի մասը համակարգային խնդիրների վերաբերյալ է, և կապ չունի, թե նրանք քանի տեղամասում են եղել։

«Եթե Հովիկ Աբրահամյանը շտաբի պետն էր կամ նախարարները... ի՞նչ կապ ունի, թե քանի տեղամասում են նայել։ Այսինքն 2000 տեղամասի համար էլ Հովիկ Աբրահամյանը շտաբի պետ էր։ Ամենասկզբում գրված է, որ նոյեմբերին Ընտրական օրենսգիրք ենք ընդունել, դեկտեմբերի 6-ին կիրառել ենք, ի՞նչ կապ ունի քանի տեղամասում են նայել։ Սա արդեն միջազգային կանոնների, Վենետիկի սկզբունքների խախտում է»,- ասաց Մանուկյանը։

Քննադատությանը, թե վարչական ռեսուրսը չարաշահվել է, Տիգրան Մուկուչյանը պատասխանում է՝ եթե ԿԸՀ-ն այդ հարցով վարույթներ չի հարուցել, ուրեմն ամեն ինչ կարգին է.- «Ուրեմն Ընտրական օրենսգրքի պահանջներ չեն խախտվել»։

Արամ Մանուկյանի կարծիքով՝ եվրոպացի դիտորդների զեկույցը բավական անաչառ է, կոնկրետ քննադատությամբ և հստակ առաջարկներով։ «Բացի այդ, ուղղակիորեն զգացվում է եվրոպացիների խաբվածությունը, նեղացածությունը Հայաստանի իշխանություններից։ 2012-ին, 2013-ին նույն բաներն իրենք ասել են, ուղղակի՝ ավելի մեղմ։ Էստեղ իրենք նշում են, որ իրենց դիտողությունները չեն կատարվել»։

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, զեկույցում կոնկրետություն չի տեսել: Հանրաքվեի գնահատականների առումով, ըստ Սահակյանի, զեկույցը ուշացած, է իսկ Ընտրական օրենսգրքի մասով՝ շտապողական: Հանրապետականը, սակայն, առաջարկները պատրաստ է քննարկել:

Արամ Մանուկյանը կարծում է՝ ընտրացուցակները մաքրելու, քվեարկածների ցուցակները հրապարակելու, վերահսկողությունն ուժեղացնելու պահանջների վերաբերյալ համընկնում են թե՛ իրենց, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ եվրոպացի դիտորդների առաջարկները. իշխանություններն այս դեպքում պետք է հաշվի առնեն դրանք:

«Իշխանությունները առնվազն պիտի քյալլագյոզություն անեն, որ էս կետերը չընդունեն։ Առնվազն պետք է ձեռնոց նետես և՛ քո հասարակությանը, իսկ ինքը նետել է, և՛ միջազգային հանրությանը։ Էդ դեպքում էս համակարգը չի մաքրվի։ Բայց, ես կարծում եմ, եթե համատեղ ճնշում լինի, նույն կետին խփենք միջազգային կառույցներով, հասարակական ճնշումով և պառլամենտական կուսակցություններով, որոշակի արդյունքների կհասնենք»,- ասաց Մանուկյանը։

XS
SM
MD
LG