Մատչելիության հղումներ

Գնա՞լ, թե՞ չգնալ. Արժեզրկված ռուբլին երկընտրանքի առջև է կանգնեցրել արտագնա աշխատողներին


Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը Հայաստանի գյուղերում շատերին է երկընտրանքի առջև կանգնեցրել՝ գնա՞լ, թե՞ չգնալ արտագնա աշխատանքի։ Արմավիրցի Խասըմ Աղայանն աշնանն է վերադարձել Ռուսաստանից, մի քանի ամսվա աշխատածից, սակայն, գրեթե ոչինչ չի մնացել․ հազիվ պարտքերն է տվել ու մնացել դատարկաձեռն։

«Ես պատշար եմ, փողը բերի, զիբիլ էր։ Ամիսը 50.000 ռուբլի էի ստանում, պարտքերս տվի բանկերին, պրծավ, գնաց»,- պատմեց Աղայանը։

Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնող արմավիրցիներից շատերն են Խասըմի պես մտափոխվել՝ չեն գնա, քանի դեռ ռուբլին չի կայունացել։

«Անցած տարի չեմ գնացել, որովհետև կուրսը ցածր էր։ Չարժեր հասնել էնտեղ։ 1000 ռուբլուն 6000 դրամ են տալիս, որպե՞ս ինչ դուրս գաս»։ «Ես 200.000 ունեմ ստանալու, կամաց-կամաց ուղարկում են Ռուսաստանից, բայց ո՞ւմ է պետք»։

Արմավիրցի Հարություն Հարությունյանի որդին գումար էր ուղարկել, հայրը, սակայն, նեղսրտած էր, թե դրամի վերածելուց հետո այն գրոշ էլ չարժե։ Հարությունը բանկ էր շտապում՝ գումարը ստանալու։ «Ռուբլին ցածր ա, պատկերացրու, որ 30.000 ռուբլի ուղարկի, 180.000 ես տուժում եմ»,- ասաց նա։

Ազատ ժամերը թղթախաղով անցկացնող արմավիրցի տղամարդիկ ասում են, որ ռուբլու արժեզրկումն իրենց վրա ավելի է ազդել, քան հեռավոր Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պայմաններում բնակվող հարազատների։

«Էսօր մեր գյուղացին կախված է ռուսական ռուբլուց։ Ուղարկում են, ասում են՝ սա 60.000 չի անո՞ւմ, ասում եմ՝ չէ՛, 32.000 է անում»։ «Փողի գինը ջուր ա, երեկ 10.000 տարա, մանրի, 60.000 դրամ, էնտեղ տանջվում են, ստեղ կոպեկներ ենք ստանում»։

Տարիներ շարունակ մարզի միրգն ու հատապտուղները Ռուսաստան արտահանող Մհեր Հարությունյանն ու Անդրանիկ Եղիազարյանը պնդում են՝ ռուբլու արժեզրկմամբ նաև այս ճանապարհն է փակվում։

«Ախպեր, էդ գիլասի, ծիրանի սեզոնին ռուբլին թող բարձրացնեն, հետո ինչ անում են, անեն»։

Այգեգործությամբ հարուստ Արմավիրի մարզում նշում են՝ եթե կառավարությունը աջակցեր գյուղացուն, հնարավորություն ունենային ողջ բերքն իրացնել Հայաստանում, Ռուսաստանի մասին չէին էլ մտածի։

«Անցած տարի 700-1000 դրամով միրգը տվեցի արտահանողներին, էս տարի ինչքանո՞վ եմ տալու, որ կարողանամ վարկերս փակեմ, վարկերն էլ արդեն չեն տալիս, մեկը մեկին երաշխավոր են կանգնում, ու տենց տուժում ենք»։

Կենտրոնական բանկի տվյալներով, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները 2015-ի տարեվերջին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են մոտ 20 միլիոն դոլարով։ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն ասում է՝ չնայած ուսական ռուբլու արժեզրկմանը, Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվն այս տարի անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ չնչին՝ 1 տոկոսով է նվազել։

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության օրերս հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականին Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թիվը նվազել է մոտ 1 միլիոնով:

XS
SM
MD
LG