Մատչելիության հղումներ

«Այս ճգնաժամը կլինի երկարատև, անկանխատեսելի և աննախադեպ»


Ռուսաստան - Ռուբլու անկումը շարունակվում է, Մոսկվա, 20-ը հունվարի, 2016թ.
Ռուսաստան - Ռուբլու անկումը շարունակվում է, Մոսկվա, 20-ը հունվարի, 2016թ.

Forbes-ի մեկնաբանի համոզմամբ՝ շատ ռուսաստանցիներ կաղքատանան։

Ռուսաստանում 2003 թվականից ի վեր ռուբլու ամենածանր անկումն է։ Ազգային տարադրամի ճգնաժամը միջազգային շուկաներում նավթի գնանկման հետևանք է։

Հոռետեսները ենթադում են, որ անկումը կշարունակվի, կուրսն արդեն հատել է «հոգեբանական» կարևոր շեմը` ավելի քան 80 ռուբլի ամերիկյան մեկ դոլարի համար։ Նավթի մեկ բարելի գինն էլ երեկ տատանվել է 28-29 դոլարի սահմաններում։

Փաստորեն, այս տարեսկզբից ռուսական տարադրամն արժեզրկվել է 9 տոկոսով։ Սա խիստ բացասական ազդեցություն է գործում ռուսաստանցիների կենսամակարդակի վրա։

Ռուսաստանցիների մեծ մասը պարզապես չունի պահուստներ և չի կարող արտարժույթ գնել։ Իսկ նրանք, ովքեր ռուբլի ունեն և ուզում են դոլար կամ եվրո գնել, ստիպված են հերթ կանգնել, փոխանակման կետերում արտարժույթի պակաս է։

Միջին խավին դասվող ռուսաստանցիները ստիպված են խնայել, արտասահման մեկնելու փոխարեն արձակուրդն անցկացնել հայրենիքում, սահմանափակել պարենի և հագուստի համար նախատեսած ծախսերը։

Կան նաև լավատեսներ։ Նրանք պնդում են, որ իրականում ռուբլու արժեզրկումն օգտակար է։ Նավթը վաճառվում է դոլարով, բայց արդյունահանվում է ռուբլով։ Ազգային տարադրամով գնանկումն ավելի քիչ է դոլարի համեմատությամբ։ Հետևաբար, այդպես ինչ-որ չափով թուլանում է ճնշումը բյուջեի վրա։

Մյուս կողմից, ներմուծումն է դժվարանում` ներկրողը չունի դոլար կամ եվրո արտասահմանյան արտադրանք բերելու համար։ Իսկ դա, ըստ լավատեսների, կարող է խթանել ներքին արտադրությունը։

Forbes-ի մեկնաբան Թիմ Ուորսթոլի համոզմամբ, այդ ամենի արդյունքում շատ ռուսաստանցիներ կաղքատանան։

«Պարզապես պետք է մերվել այդ իրողության հետ և փորձել բարելավել վիճակը, դա շատ ավելի օգտակար է, քան իրականությունը չընդունել»,- ասել է փորձագետը։

Ենթադրվում է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկն այս անգամ չի փորձի դոլարային ներարկումների միջոցով պահել ռուբլու կուրսը։ Համենայն դեպս, չի միջամտի, քանի դեռ ռուբլու անկումը չի սպառնում բանկային համակարգի աշխատանքին։

Մինչդեռ, ճգնաժամը կարող է նոր դրսևորում ստանալ, քանի որ ավանդական էներգակիրները վաղ թե ուշ պետք է փոխարինվեն այլընտրանքային աղբյուրներով։

«Այդ դեպքում նավթ արտահանող երկրներն ընդհանրապես կզրկվեն եկամուտից։ Նավթի կարիք այլևս չի լինի»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։

«Եթե նավթի գնանկումը շարունակվի, մենք ստիպված կլինենք պատրաստվել վատթարագույն սցենարին»,- ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Le Monde-ի մեկնաբան Իզաբել Մանդրոն նշում է, որ ռուսաստանցիները դիմացկուն են, նրանք վերապրել են 1998 և 2008 թվականների ճգնաժամերը, սակայն այս մեկը, ըստ փորձագետների, կլինի երկարատև, անկանխատեսելի և աննախադեպ։

Դաշնության ղեկավարները հավաստիացնում են, որ իրավիճակը վերահսկվում է, և ոչ մի վտանգ չկա։ Միաժամանակ, քննարկվում են ճգնաժամը զսպելու ուղիներ, այդ թվում՝ բավական դրամատիկ։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովի համոզմամբ, անհրաժեշտ է հրաժարվել ռուբլու կոնվերտացիայից (փոխարկելիությունից) և սահմանել կոշտ կուրս` մեկ դոլարը 40 ռուբլի։

Դեռ հայտնի չէ՝ կընդունվի՞ արդյոք առաջարկը, համենայն դեպս, տեսանելի ապագայում հաճախ կհնչեն հարցը սովետական մեթոդներով լուծելու առաջարկներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG