Մատչելիության հղումներ

Նպաստից զրկվելով՝ գործազուրկներն այդպես էլ աշխատանք չեն գտել


Պաշտոնական տվյալներով, Հայաստանում մոտ 77 000 գրանցված գործազուրկ կա։ Այլ հետազոտությունները փաստում են, որ գործազրկության ցուցանիշը մի քանի անգամ ավելի մեծ է:

Արդեն երկու տարի է Հայաստանում գործազուրկները զրկված են 18 հազար դրամ նպաստից։ Դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք կառավարությունը պնդում էր՝ քանի որ այդ գումարի «մեծ մասը փոշիացվում է», հարկ է այն ուղղել գործազուրկների վերապատրաստմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Կենտրոն և Նորք-Մարաշ»-ի զբաղվածության տարածքային կենտրոն այցելած գործազուրկները, «Ազատության» հետ զրույցում, խուսափելով տեսախցիկից, պնդում էին, թե նպաստից զրկվելով՝ աշխատանք այդպես էլ չեն գտել։ Մեկ տարվա ընթացքում կենտրոնը 150 մարդու է աշխատանքով ապահովել։ Կենտրոնի ղեկավար Մարատ Սևոյանը չէր թաքցնում՝ շատերն են հիասթափված աշխատաշուկայից։

«Մոտները կա վրդովվածություն, հուսալքություն, դեպք ա եղել, երբ բժիշկը, համալսարան ավարտած, Հայաստանում երկու տարի աշխատելուց հետո լքել ա երկիրը, հինգ տարի ապրել երկրից դուրս, հետ եկավ դիմեց մեզ, նույնիսկ պատրաստ էր մարդը տաքսու դիսպետչեր աշխատել»,- պատմում է կենտրոնի ղեկավարը։

Մասնագիտությամբ իրավաբան, 43-ամյա Անահիտ Վարդանյանն արդեն 10 տարի է գործազուրկ է, սակայն, վաղուց արդեն զբաղվածության կենտրոն չի դիմում: Ասում է՝ իմաստ չունի։ «Երկու տարի «Շենգավիթ»-ի զբաղվածության տարածքային կենտրոնում ես հաշվառված էի, ոչ մի տեսակի գործ ինձ չառաջարկվեց, անգամ՝ հավաքարարի, 2 անչափահաս դպրոցական երեխա ունեմ, մենակ մի հոգի պետք ա, որ էդքանի ծախսը անի»։

Անահիտի ամուսինն էլ Հայաստանում գրանցված չէ որպես գործազուրկ. ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան ու միայն ձմռանը տուն վերադառնում։ Այս տարի չի կարողացել ընտանիքի մոտ գալ։ Ռուբլու տատանումների պատճառով եկամուտը կտրուկ նվազել է։ «Սիբիրում է, մայիսի վերջին աշխատանքը սկսվում է, սեպտեմբերին ավարտվում է, ընդամենը այդ մի քանի ամիսն է կարողանում աշխատել, ընդամենը հանապազօրյա հացի փող: Այս տարի էլ չեկավ ռուբլու պատճառով, եթե ինքը գար, արդեն պարտքերի տակ կլինեինք, գոնե էդ ճանապարհածախսը հաց կառնենք»,- ասում է Անահիտը։

Նոր Խարբերդում շատ կողպված տներ տեսանք: Արտագաղթում են հիմնականում աշխատանք չունենալու պատճառով։ Ռուզաննա Հարությունյան․ «Գործազրկության կենտրոն եմ դիմել, ամեն տեղ, որտեղ գնում եմ ասում եմ 49 տարեկան եմ, մերժում են։

Վարդուշ Թամազյան․ «Ստեղ փոքրիկ, շատ փոքրիկ խանութ ունենք, օրական 6000 դրամի առևտուր չի լինում, որովհետև մարդ չի մտնում խանութ, ոչ մեկը չի մտնում, մինչև իրիկուն 10 հատ հաց ենք ստանում, մնում ա խանութում։ Երեկոյան բարձրանաս կրիշ նայես՝ անապատի ա նմանվում, 10 տնից մեկում լույս չի վառում»։

Սուրեն Փալամիզյան․ «Վաճառում են ասում են փախնենք Հայաստանից, աշխատանք չկա, մարդիկ ասում են ի՞նչ անենք։ Ես 48.000 թոշակ եմ ստանում, 80 տարեկան մարդ, սկի տան վարձ ու կոմունալը չի հերիքում, այ էդ ա պայմանը, 43 տարի ես գաջ քաշող եմ եղել, հլա մինչև վերջերս էլ չաստնի աշխատում էի, հիմի էլ չեմ կարում սկի, 82-ի մեջ եմ»։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում մոտ 77.000 գրանցված գործազուրկ կա։ Ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ՝ հարցումների վրա հիմնված հետազոտության համաձայն էլ աշխատանք չունի 220.000 մարդ։ Թվերի այս տարբերության հիմնական պատճառն այն է, որ պաշտոնական վիճակագրությունը գործազուրկ է համարում միայն նրանց, ովքեր գրանցվում են աշխատանք գտնելու համար: «Թվաբանությունը փոխվում է, սակայն իրական պատկերը՝ ոչ»,- ասում է տնտեսագետ Բաբկեն Թունյանն ու հավելում՝ «բազմաթիվ գործոններ կան, որ կարող են էս ցուցանիշը իրական ծավալից ցածր ցույց տալ՝ սեզոնայնությունը, աշխատանքային դադարները: Ստացվում է, որ գործազրկության մակարդակն ավելի մեծ պետք է լիներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG