«Վանաձոր-Քիմպրոմ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր ի նշան բողոքի փորձեցին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը՝ պահանջելով տարեսկզբից չվճարված աշխատավարձը:
Մոտ տասը ամիս գումարի սպասող և միայն խոստումներ լսող քիմպրոմցիները նախ հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով, սակայն, հուսադրող ոչինչ չասաց: Նա նշեց միայն, որ այս պահին էլ բանակցություններ են ընթանում:
«Ամեն ինչ ընթացքի մեջ է, ձեզ թող չթվա, որ վարչապետն էս մասին չգիտի, չի զբաղվում, ձեզ չթվա, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի..., բայց մենք էլ ենք ուզում մտածել՝ լավ, ինչքան կարանք սեփականատիրոջ փոխարեն էս հարցերով զբաղվենք», - ասաց մարզպետը։
Նրա պատասխանից դժգոհ` քիմպրոմցիները քայլերթով, ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին՝ փակելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհը: Երթի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին համոզել ցուցարարներին նման քայլի չդիմել:
Ոստիկանի հարցին, թե ո՞վ է իրավունք տվել ճանապարհ փակել, քիմպրոմցիներից մեկը պատասխանեց. - «Պետությունը, պետությունն այդ իրավունքը տվել է նրանով, որ իմ մասին չի մտածում. պետությունը պարտավոր է իմ իրավունքները պաշտպանի, հարկ եմ մուծում, որ դու ապրես, աշխատես, իմ մուծած հարկով դու ապրում ես, իսկ ես չեմ ապրում, էդ է տարբերությունը»։
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին արդեն ոստիկանները թվով գերազանցում էին ցուցարարներին: Ճանապարհի եզրին շրջափակելով քիմպրոմցիներին՝ ոստիկանությունը թույլ չտվեց նրանց փակել ճանապարհը:
«Ճանապարհը փակելով՝ ոտնահարում եք ուրիշի իրավունքները», - ասացին ոստիկանները՝ հորդորելով ցուցարարներին իրենց բողոքը «համապատասխան տեղ ներկայացնել»։
Չցանկանալով ոստիկանների հետ ընդհարվել, «Քիմպրոմ»-ի աշխատակիցները մեկ ժամ ճամփեզրին մնալուց հետո հեռացան՝ վաղը ավելի մեծ թվով ցուցարարների հետ ճանապարհը փակելու մտադրությամբ, անգամ ոստիկանության հետ բախման գնով: