Մատչելիության հղումներ

Բորդյուժան և Նալբանդյանը պնդեցին, թե Հայաստանի նախագահը չի քննադատել ՀԱՊԿ-ին


Նիկոլայ Բորդյուժա, Էդվարդ Նալբանդյան, Երևան, 26-ը հունվարի, 2016թ.
Նիկոլայ Բորդյուժա, Էդվարդ Նալբանդյան, Երևան, 26-ը հունվարի, 2016թ.

«Իսկ ի՞նչ քննադատություն է եղել», - «Ազատությանը» հարցրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք կազմակերպությունը փոխե՞լ է իր քաղաքականությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո:

Այդ մասին մեր հարցին առաջինը արձագանքեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ուղեկցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մոտ կես ժամ շարունակված հանդիպումից հետո։

«Չի եղել այդպիսի քննադատություն»,- հակադարձեց Նալբանդյանը։ Բորդյուժան էլ շարունակեց.- «Իսկ ի՞նչ քննադատություն է եղել, դուք նախ քննադատության մասին պատմեք, հետո մենք՝ քաղաքականության»։

Շուրջ մեկ ամիս առաջ Մոսկվայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը քննադատեց կազմակերպության անդամ երկրներին՝ պնդելով, թե նրանք, չարձագանքելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացվող հարձակումներին, չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ի՞նչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել էր Սարգսյանը։

Հայտարարությունից մեկ շաբաթ անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը խորը մտահոգության առիթ է տալիս, և անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը:

«Ես կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել և ոչ մի դեպքում թույլ չտալ իրավիճակի ապակայունացում»,- ասել էր Բորդյուժան:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Չորսօրյա այցով Հայաստանում գտնվող Բորդյուժան հանդիպելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG