Մատչելիության հղումներ

Փաստաբանը կարևորում է Ավետիսյանների սպանության գործով հնչած նոր ցուցմունքը


Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Գյումրի, 29-ը հունվարի, 2016թ․
Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Գյումրի, 29-ը հունվարի, 2016թ․

Ավետիսյանների ազգական և հարևան Կարինե Ավետիսյանն այսօր դատարանում պատմեց, որ Սերյոժա Ավետիսյանի լացի ձայնը դրսից լսել է։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, իր համար նորություն էր Ավետիսյանների ազգական և հարևան Կարինե Ավետիսյանի ցուցմունքը երեխայի ձայնը դրսից լսելու մասին։

Ավետիսյանների բակի հարակից տանը բնակվող Կարինե Ավետիսյանը, հիշեցնենք, այսօր իր ցուցմունքում պատմել է, որ սպանության օրը առավոտյան մոտավորապես ժամը 6-ին «գմփուն» է լսել, մտածել է՝ երկրաշարժ է, դուրս է եկել բակ, տարօրինակ որևէ բան չնկատելով` նորից տուն է մտել։ Առավոտյան աշխատանքի է գնացել, և միայն ժամը 11-ին իր քույրն է զանգել ու ասել տեղի ունեցածի մասին։ Նա, սակայն, նշեց, որ լուսադեմին դրսում գտնվելու պահին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի լացի ձայնն է լսել։

Սարգսյանի փոխանցմամբ, նախաքննության ընթացքում Կարինե Ավետիսյանը երեխայի լացի ձայնը լսելու մասին ցուցմունք չէր տվել։

«Այսօր նա կարևոր հանգամանք նշեց։ Շատ կարևոր է, որ ինքը գմփոցը լսեց, դուրս եկավ և գմփոցից հետո ինչքան ժամանակ մնաց դրսում, որ երեխայի ձայնը լսեց։ Գմփոցից հետո երեխայի ձայնը մի ակնթարթ լսելը հետագա հանգամանքները գնահատելու առումով շատ կարևոր է, և դրա հիման վրա մենք կարող ենք նաև դեպքի հանգամանքների հաջորդականությունը վերարտադրել, նույնիսկ ներսում կատարված գործողությունների պատճառները, թե ինչու մի դեպքում սվին դանակով, մի դեպքում հրազենով վնասվածքներ պատճառեց։ Այս պահին խորությամբ չեմ ասի, թե դրանով ինչ հանգամանքներ է, ըստ իս, պարզաբանվում, մի քանի փաստեր դեռ պետք է համադրեմ՝ պատասխանը ստանալու համար», - դատական նիստի ընդմիջման ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Իսկ Ավետիսյանների դուստրերը չկարողացան ցուցմունք տալ նաև այս դատական նիստին։ Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը ասացին, որ իրենց վատ են զգում, և միջնորդեցին դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը։

Ավետիսյանների երկու դուստրերն իրենց նախաքննական ցուցմունքներում նշել էին՝ չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ կարողացել է հինգ մեծահասակի սպանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG