Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ և ԵՏՄ գագաթնաժողովներին


ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, արխիվ
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, արխիվ

Ամենայն հավանականությամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը:

Կիրակի երեկոյան Մոսկվա է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Կրեմլում տեղի են ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նիստը վարելու է Սերժ Սարգսյանը, քանի որ ներկայումս կազմակերպության նախագահողը Հայաստանն է:

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները այսօր քննարկելու են միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ: Նախատեսված է, որ նախագահները միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հռչակագիր կստորագրեն և մի շարք կազմակերպչական փաստաթղթեր կընդունեն:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այսօր պետք է որոշվի, թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ավելի վաղ կազմակերպությունը որոշել է, որ 2016-ից այդ պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: «Ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, համենայն դեպս՝ սա տրամաբանական է», - երկու օր առաջ ասել է Վլադիմիր Պուտինի օգնականը:

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Կրեմլում այսօր նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Հայաստանի նախկին վարչապետ, Միացյալ Նահանգներում Հայաստանի գործող դեսպան Տիգրան Սարգսյանը, ով փետրվարից գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Վիկտոր Խրիստենկոյի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG