Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատը


Հայաստան - Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատական նիստի ժամանակ, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան - Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատական նիստի ժամանակ, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2015թ․

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում սկսեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով, իր խոստովանական ցուցմունքի համաձայն, այս տարվա հունվարին իրականացրել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդը:

Վալերի Պերմյակովի դատավարությանը ընդառաջ ռազմաբազայում անվտանգության հատուկ միջոցառումներ էին ձեռնարկվել․ ոստիկանությունը փակել էր դեպի բազա տանող փողոցը, ռազմակայանի տարածքում էլ մի քանի տասնյակ ոստիկաններ էին շրջում, ներս մտնող անձանց մանրակրկիտ ստուգում էին։

Դատը ռուսական ռազմաբազայում անցկացնելու որոշումը վրդովվեցրել էր գյումրեցիներին, շատերը պարզապես որոշել էին բոյկոտել նիստը՝ անօրինական համարելով դրա անցկացումը ռուսական հարկի տակ։ Կեսօրին մոտ դատարան եկան Ավետիսյանների հարազատները՝ բուռն կերպով դժգոհություն արտահայտելով ռազմաբազայի տարածքում դատական նիստը անցկացնելու որոշումից։

Հայաստանյան դատարանի առաջին նիստի համար ռուսական ռազմակայանում առանձնացված էր այն նույն սենյակը, որտեղ ամիսներ առաջ ռուսական դատարանն էր Պերմյակովին 10 տարի ազատազրկելու որոշում կայացրել՝ մեկ տարբերությամբ՝ դրոշը և զինանշանը Հայաստանինն էին։ Քանի որ դահլիճը շատ փոքր էր լրագրողների և քաղաքացիների համար, նաև երկու վրան էր դրվել, որոնցում ուղիղ եթերով հնարավոր էր հետևել նիստի ընթացքին։

Նիստի մեկնարկին հարազատները սկսեցին բողոքել, որ փաստաբաններին չեն թողնում մեքենաներով բազային մոտենալ, սպառնացին՝ եթե չթողնեն, իրենք կհեռանան տարածքից։ Քիչ անց փաստաբաններին թույլատրեցին մեքենայով մոտենալ բազայի դարպասներին։ Մոտ երկու ժամ տևած նիստի ընթացքում երկու անգամ ընդմիջում հայտարարվեց։ Նիստը հետաձգելու՝ դատարանի որոշումից հետո հարազատները դրսում հայտարարեցին, որ դժգոհ են, դատավարությունն էլ թատրոն որակեցին։

Հայաստան – Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների լուսանկարները Գյումրիում նրանց հուղարկավորության ժամանակ, 15-ը հունվարի, 2015թ․
Հայաստան – Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների լուսանկարները Գյումրիում նրանց հուղարկավորության ժամանակ, 15-ը հունվարի, 2015թ․

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ աշխատանքային պայմաններից բողոքեց, նաև կասկած հայտնեց, թե ռուսական բազայի տարածքում հայ դատավորը անկախ է․ - «Դա կլինի արտագնա նիստում, թե ոչ արտագնա նիստում, բայց մենք պետք է զգանք, որ այդ նիստում նախագահողը իրական դա այն դատավորն է, որը նախագահում է նիստում, և ոչ թե այլ անձինք, որոնք որոշում են, թե դատավորը որտեղ պետք է գտնվի, ինչ պետք է խոսի ընդհանրապես և ինչ պայմաններում պետք է աշխատի»:

Առաջիկա նիստում հնարավոր է նաև դատավորին փոխելու պահանջ ներկայացնեն։ Հունվարի 18-ին սպասվում է, որ դատական նիստը բազայի տարածքից դուրս անցկացնելու միջնորդություն էլ ներկայացվի, եթե պահանջը բավարարվի, ապա հաջորդ նիստը, փաստաբանի կարծիքով, կրկին կհետաձգվի։

XS
SM
MD
LG