ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը խորապես մտահոգ են Հայաստանում հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրախախտումների մասին արժանահավատ հաղորդումներով և որպեսզի հայ ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի արդյունքների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն՝ այսօր ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «Ազատության» հարցին ասաց դեսպան Ռիչարդ Միլզը:
Դեսպանը հավելեց․ - «Մենք կշարունակենք հետևել կառավարության աշխատանքներին այդ հաղորդումների քննության մասով և մտահոգություններ լինելու դեպքում, դրանք կներկայացնենք կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը»:
Ավելի վաղ՝ երեկ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, թե «քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»:
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ հանրաքվեն մեկ քայլ առաջ էր նախորդ քվեարկություններից:
«Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չունենք: Մենք ունենք մի կարևոր իրավիճակ, որը պիտի փորձենք բոլորս արձանագրենք և հստակ պատկերացնենք: Դա այն է, որ քայլ առ քայլ ընտրությունները՝ և՛ հանրաքվեն, և՛ մյուս ընտրական գործընթացները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Չնայած ընդդիմության ու անկախ դիտորդների պնդումներին, թե հանրաքվեի ժամանակ իշխանությունը գործի դրեց ընտրակեղծարարության ողջ մեքենան՝ Հանրապետականի ղեկավար մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարում է՝ այսօր պատմության գիրկն են անցել բազմաթիվ ընտրախախտումները, որոնք եղել են 10-15 տարի առաջ․ -
«Ասենք, օրինակ, լույսերը հանգցնելը, տուփերի գողանալը, ընտրատեղամասերին մոտ ամբողջ գիշեր աղմուկ-աղաղակը․․․ դուք ասում եք՝ լցոնում են արել, որը փաստ չէ: Փաստը այն է, որը արձանագրված է: Մենք ունենք արձանագրված 78 բողոք»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով ԱՄՆ ու Եվրամիության դեսպանատների հայտարարությունները, ԵԽԽՎ դիտորդների գնահատականը վկայում են, որ հանրաքվեի օրը իշխանությունների կազմակերպած ընտրակեղծիքները ակնհայտ են նաև Արևմուտքի համար: Ռիչարդ Միլզի հայտարարությունն և ԱՄՆ դեսպանատան երեկվա հաղորդագրությունըՓոստանջյանն այսպես մեկնաբանեց․ - «Միանշանակ գնահատական է տրվում, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, տեղի է ունեցել հանցագործություն, որը պետք է քննության առարկա դառնա և այդ քննության առարկայի որոշման արդյունքում պետք է ճանաչվեն այս ընտրությունները անվավեր»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը թերահավատ էր, որ, ինչպես ինքն ասաց, զանգվածային կեղծումից հետո որևէ մեկը կկարողանա համոզել հայ ժողովրդին, թե հանրաքվեի արդյունքները վստահելի են ու լեգիտիմ: Մատնացույց անելով քիչ հեռվում գտնվող շենքը, ուր տեղակայված է երկրորդ ընտրատարածքային հանձնաժողովը, Կարապետյան ասաց․- «Ես երեկ չէ առաջին օրը, ժամը 6-ից հինգ պակաս, ներկայացրել եմ չորս դիմում-բողոք վերահաշվարկի վերաբերյալ, ապա պարզվել է, որ չգիտեմ երբ, որ ժամանակահատվածում հանրապետականները նույնպես ներկայացրել են դիմում-բողոքներ և իրականացվել է ինչ-որ անհասկանալի վիճակահանություն և այդ վիճակահանության պատճառով մեր ներկայացրած դիմում-բողոքները չեն բացվելու։ Սա ուղիղ արձագանքն է հայկական պետական մարմինների թե՛ մեր գործընկերների մտահոգությանը արժանահավատության վերաբերյալ, թե՛ մեր ժողովրդին, որը ակտիվ մասնակցեց, բայց չի կարողանում տեր լինել իր քվեին»։