Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերը Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան կայացած հանրահավաքում հայտարարեցին, որ պատրաստվում են հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:
«Այս հանրաքվեի առաջին և ամենակարևոր արդյունքը այն է, որ իշխանությունը ինքը գիտի, որ ինքը պարտվել է: Իշխանությունը մեզանից էլ ավելի լավ գիտի իրական պատկերը, և գիտի, որ բացարձակապես չունի ժողովրդի վստահության որևէ մանդատ: Ժողովուրդը չկարողացավ այս քվեարկությամբ Սերժ Սարգսյանին հեռացնել, բայց նա կարողացավ այս ռեժիմին մի լավ ապտակ հասցնել իր քվեարկությամբ: Մենք ցույց տվեցինք, որ մենք իրականում, ստեղծելով այս վերահսկողության մեխանիզմը, կարող ենք հաղթել, ուղղակի այդ մեխանիզմը պետք է տարածել ամբողջ Հայաստանի վրա, իսկ դա նշանակում է, որ մեր պայքարի հետագա էտապը պետք է լինի խանական Հայաստանի ազատագրումը: Մենք պետք է հաղթենք և քաղաքացիական լուրջ հասարակություն կառուցենք նաև այնտեղ, որտեղ տիրում են խաները, լիսկաները և այլոք: ԵՎ մենք դրան հասնելու են», - իր ելույթում հայտարարեց «Ոչ»-ի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ու խոստացավ․ - «Սա Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից կեղծված վերջին ընտրությունն է: Մյուս ընտրություններում, լինի դա հերթական, թե արտահերթ, մենք հաղթելու ենք»:
Իր ելույթում «Ոչ»-ի շտաբի պետը կրկին պնդեց, որ «այո»-ի օգտին տրված ձայները ուռճացված են շուրջ 500 հազարով: Հանրաքվեին, Զուրաբյանի գնահատականներով, մասնակցել է մոտ 800 հազար մարդ, որից «ոչ» է քվեարկել 600 հազարը, և «այո»՝ 200 հազարը:
Հայ ազգային կոնգրեսը պայքարը շարունակելու է իրավական ճանապարհով․ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, փորձելու են Սահմանադրական դատարան դիմել, բայց զուգահեռ նաև անցկացնելու են հանրահավաքներ, երթեր: Մասնավորապես՝ առաջիկա հինգշաբթի ՀԱԿ-ը պատրաստվում է երթ անցկացնել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հանրահավաքում ելույթներով հանդես եկան ինչպես «Ոչ»-ի ճակատին մաս կազմող ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության, «Չեք անցկացնի» նախաձեռնության, այնպես էլ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները:
Իր ելույթում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն հայտարարեց, որ՝ «ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն ու այս իշխանությունը անհամատեղելի հասկացություններ են»:
«Չեք անցկացնի» նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանն էլ կարծիք հայտնեց, որ՝ «դեկտեմբերի 6-ին մեր քաղաքացիները վճռականորեն գնացին տեղամասեր, քվեարկեցին «ոչ» և գրողի ծոցը ուղարկեցին այս վարչախմբին»:
Հանրահավաքին ձայն տրվեց նաև «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ, «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ուժերի միասնականության կոչ հնչեցրեց:
«Խոսքը խոսք, աշխատանքը՝ աշխատանք։ Ես մեծ հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, հոսանքները քաղաքացիական գիտակցություն կգտնեն, որ առաջիկա պայքարը լինի միասնական», - հայտարարեց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը այսօր ավելի վաղ ևս ելույթ էր ունեցել Ազատության հրապարակի հարթակից․ նախքան «Ոչ»-ի հանրահավաքը, այստեղ անցկացվեց նաև «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի հանրահավաքը, որին մաս է կազմում «Ժառանգությունը»: Իրենց կողմից կազմակերպված այդ հանրահավաքում էլ Հովհաննիսյանը հնչեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի, «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջներ:
«Նոր Հայաստանի» հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր այդ առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը: Նա հայտարարեց, որ շարունակելու են նստացույցը այնքան, մինչև հասնեն ամբողջական իշխանափոխության, ապա տեղի ունեցավ հերթական երթը դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այսօր ևս Տիգրան Մուկուչյանի գլխավորած կառույցը շրջափակված էր ոստիկանական պատնեշով, նաև մետաղական արգելափակոցներ էին տեղադրված: Այստեղ փոքրիկ ակցիա անցկացնելուց հետո ընդդիմադիրները վերադարձան Ազատության հրապարակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ մեծ հավաքը «Նոր Հայաստանն» անցկացնելու է առաջիկա ուրբաթ:
Ի դեպ, «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները նաև հայտարարեցին, որ միանալու են հինգշաբթի օրը ՀԱԿ-ի նախաձեռնած երթին դեպի ԿԸՀ: