Մատչելիության հղումներ

Իրենց քաղաքացիական պարտքը կատարում են նաև քաղաքական գործիչները


Նախագահ Սերժ Սարգսյանը թիվ 9/11 ընտրատեղամաս քվեարկելու եկավ կեսօրին մոտ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Լրագրողների հարցերին նախագահը միայն արձագանքեց․ - «Բարև ձեզ: Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց նույն թիվ 9/11 տեղամասում՝ Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։

«Ես մի բան եմ ուզում ասել, ուրիշ ոչ մի հարցի չեմ պատասխանի», - ասաց նա: - «Առաջինը, ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա։ Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»:

Հիշեցնենք, Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին կոչ էր արել՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը հղի է «անկանխատեսելի հետևանքներով, ինչին ի պատասխան, Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը «մերկապարանոց մեղադրանքներին չի արձագանքում»։

Առաջին նախագահը այսօր չցանկացավ արձագանքել Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասելով․ - «Դուք հարց եք տալիս, որ արդեն վերաբերում է սահմանադրական փոփոխություններ կողմ կամ դեմ լինելուն: Չի կարելի այդպես»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ բոյկոտելու է սահմանադրական հանրաքվեն: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխություններին»:

Կեսօրին մոտ քվեարկել է նաև վարչապետ, Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահեցնելով, թե ամեն ինչ արել են, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ և թափանցիկ․ - «Եվ հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել: Եվ մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել: Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»:

«Ես հույս ունեմ, որ մեր թիմակիցները և ամբողջ թիմը և հանձնաժողովները ամեն ինչ կանեն, որ որևէ խախտում չարձանագրվի: Օգտվելով առիթից՝ ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր թիմակիցներին՝ որևէ սադրանքի չգնալ և ուղղակի ապահովել թափանցիկ, արդար ընտրություններ», - հավելել էր Հովիկ Աբրահամյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկեց «հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման և հանուն մեր զարգացման»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչդեռ, հանուն Հայաստանի Հանրապետության պատռեց քվեաթերթիկը․ - «Իմ արտահայտությունն էր՝ մերժելու համար Հայաստանի հանրապետական կուսակցապետությունը, որն ապրում է իր հոգեվարքը: Ամենամեծ շտաբի պետից սկսյալ՝ մինչև մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, այդ ողջ ուղղահայացով, աշխատում է կեղծիքի, ստի, հակահայ, հակահայաստանցի այդ մեքենան, որը աղերս չունի մեր արժեքների, մեր ապագայի և Հայաստանի սահմանադրության և քաղաքացիների հետ»:

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասում հայտարարեց, թե այս հանրաքվեն «կեղծ օրակարգ է»․ - «Եվ կարծում ենք, որ սա որևէ ապոկալիպտիկ փոփոխություն ելքերից որևէ մեկի դեպքում չի բերելու Հայաստանի Հանրապետությանը և քաղաքական կյանքի տրամաբանությունը մեծ հաշվով չի փոխելու»:

«Ազատության» հարցին՝ գալով քվեարկության արդյո՞ք չի օրինականացնում կեղծ օրակարգը, Փաշինյանը պատասխանեց․ - «Գիտեք՝ ես այսօր եկել եմ, որ իմ քվեաթերթիկին տեր կանգնեմ, ոչ ավել, ոչ պակաս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG