Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Արդեն սա խախտում է, երբ որևէ մարզպետ ասում է՝ «ոչ»-ը չի կարող հաղթել»


ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, դեմոկրատական պետությունում երբեք ոչ ոք չի կարող նման կարծիք հայտնել։

Որևէ դեմոկրատական երկրում ոչ ոք երբեք չի կարող կանխատեսել որևէ դեմոկրատական քվեարկության վերջնական արդյունքը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Դեմոկրատական գործընթացը ենթադրում է, որ քարոզարշավ է տարվում, և ամեն ինչ կարող է փոխվել։ Ի վերջո, երբեք չի կարելի բացառել, որ որևէ կողմ կբերի փաստարկներ, կգտնի ինչ-որ հետաքրքիր տեխնոլոգիաներ ժողովրդին համոզելու, և դա է պատճառը, որ դեմոկրատական պետությունում երբեք ոչ ոք չի կարող, հատկապես՝ պաշտոնյաներ, մարզպետներ, գուբերնատորներ և այլ, երբեք նման կարծիք չեն կարող հայտնել», - ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեում «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր ղեկավարած մարզն է ապահովելու: Իսկ թե կոնկրետ քանի տոկոս՝ Խաչատրյանն ասաց, որ ինքը կորոշի։

Զուրաբյանի խոսքով, եթե իշխանության ներկայացուցիչները նման կարծիք են հայտնում, դա արդեն ցույց է տալիս, որ գործ ունենք մի պետական մեքենայի հետ, որը դեմոկրատական մտածողությունից բացարձակապես զուրկ է։ «Արդեն սա խախտում է, երբ որևէ մարզպետ ասում է՝ «գիտեք ինչ, «ոչ»-ը չի կարող հաղթել», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները չարաշահում են իրենց վարչական ռեսուրսները, հանրապետականներն էլ այդ վարչական ռեսուրսները համարում են իրենց քաղաքական կապիտալը, Զուրաբյանն արձագանքեց. - «Եթե իրենք որևէ քաղաքական կապիտալ ունեն, դա բացասական քաղաքական կապիտալն է։ Եթե իրենք ինչ-որ կապիտալ ունեն, դա ժողովրդի ձեռքից, ժողովրդից թալանված այն կապիտալն է, որի առյուծի բաժինը նրանք, կոպիտ ասած, ուտում են, իսկ մի մասն էլ որպես ողորմություն նետում են ժողովրդին՝ ընտրակաշառքի ձևով, որ իրենց իշխանությունը կարողանան վերարտադրել։ Էս է իրենց եղած կապիտալը։ Իսկ ադմինիստրատիվ ռեսուրսի մասին էլ չենք էլ խոսում»։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ բոլոր համահանրապետական հեռուստաալիքներն այսօր ղեկավարվում են Բաղրամյան 26-ից՝ նախագահական նստավայրից և վերջինի հրահանգներով։ «Սա նշանակում է, որ ապօրինաբար նրանք իշխանությանն են ենթարկել ամբողջ հեռուստատեսությունը և դա արդեն օգտագործում են։ Իսկ հեռուստատեսությունն ամենակարևոր քարոզչական միջոցն է, և նրանք դա օգտագործում են իրենց իշխանության ամրապնդման նպատակով», - ասաց Զուրաբյանը։

Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հանրապետականները ողջ կազմով են մասնակցելու «այո»-ի արշավին, սակայն հավելեց. - «Բայց կարծում եմ, դա ոչ թե միտինգային եղանակներով կլինի, այլ պարզապես յուրաքանչյուրս մեր միջավայրում պիտի կարողանանք ավելի բացատրելի դարձնել Սահմանադրությունը։ Չեմ կարծում՝ կարիք լինի, որ նախագահը գնա քարոզարշավային հանդիպումների, որովհետև մեր կուսակցության գրասենյակները անընդհատ աշխատատար պրոցեսում են և ոչ միայն հանրաքվեի համար, այլ ցանկացած ընտրությունները երբ ավարտվում են, հաջորդ օրվանից նորից քարոզչությունը գնում է»։

Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս է գնահատում «այո»-ի քարոզը, Զուրաբյանը պատասխանեց. - «Իշխանությունը գիտի, որ «այո» քարոզելով ինքը ակտիվացնելու է ժողովրդին, որ ստեղծելու է հետաքրքրություն սահմանադրական հանրաքվեի շուրջ։ Ուրիշ բան է, որ իրենք էլ են հասկանում, որ ժողովուրդը իրենց չի հավատալու, բայց որ ակտիվանալու է, իսկ ակտիվանալուց հետո հավանաբար, ամենահավանականը դա է, գնալու է և քվեարկելու է «ոչ»-ի կողմը, դրանից իրենք սարսափում են։ Դրա համար, հիմա իրենք մտածում են՝ «ավելի լավ է մի քիչ սենց հանգիստ պահենք՝ ինչքան հնարավոր է քիչ հետաքրքրություն հանրաքվեի շուրջ»։

XS
SM
MD
LG