Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը մերժվեց


Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.
Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Կյուրեղյանն այսօր դատարան էր եկել մի փոքրիկ պաստառով, որի վրա գրված էր «Կեցցե՛ Հայաստանը, որ վաղն է գալու»։

Անցած տարի Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին դատարանի շենքի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում:

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նրա բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ խուլիգանության և ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնության մեղադրանքով:

«Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու» գրությամբ պաստառով դատարանի դահլիճ մտած Հայկ Կյուրեղյանը ծափահարություններով ընդունեց այսօրվա որոշումը:

«Անկախ նրանից՝ էս մանկլավիկ դատարանները ինձ կարդարացնեն թե չեն արդարացնի, ժողովուրդը շուտվանից ինձ արդարացրել ա», - հայտարարեց Կյուրեղյանը:

Ինչպես դատաքննության 11 ամիսներին, այսօր նույնպես Հայկ Կյուրեղյանը դատավորի հարցերին պատասխանելիս ոտքի չկանգնեց՝ ընդգծելով անվստահությունը դատական համակարգի նկատմամբ: Ասաց, որ հենց այդ պատճառով է հրաժարվել պաշտպանից: 32-ամյա երիտասարդը նաև պնդեց, որ վերաքննիչ ատյան դիմել է ամենևին ոչ արդար դատավճռի հույսով, այլ որպեսզի ցույց տա համակարգի անգործությունը․ - «Իշխանությունը նաև դատարաններն է զավթել․ դատարաններն իրա կամակատար դատարաններն են: Դրա համար ես չեմ համարել էս համակարգը իրավական համակարգ, ռեժիմն էլ՝ իրավական ռեժիմ: Դրա համար իրավական հարթության վրա խոսալու բան չունեմ»:

Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ այսօրվա վճիռը ևս կբողոքարկեն և, սպառելով ներպետական ատյանները, կդիմեն Եվրադատարան․ - «Ինձ թվում է, Եվրոպական դատարանը արդար և նորմալ դատարան է: Մենք աշխարհի մի մասն ենք, պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունի Եվրոպա, գոյություն ունի քաղաքակրթություն: Եվ ոչ թե մենք քաղաքակրթությունից պոկված ինչ-որ վայրենի կղզում ապրող ժողովուրդ ենք, ինչ ուզենք, ստեղ կանենք»:

Իրավապաշտպան Ֆելիքս Խաչատրյանն ընդգծեց, թե չկա զոհ ու ծանր մարմնական վնասվածք, հետևաբար Հայկին 9 տարի դատապարտելով իշխանությունները փորձում են դաս տալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն պայքարել համակարգի դեմ․ - «Վաղը, երբ որ պետք է գնանք անհնազանդության հավաք կազմակերպենք Ազատության հրապարակում, անընդհատ հիշենք․ բա որ հանկարծակի իմ ձեռքին մի փայտ բռնացնեն, կամ սխալված լինեմ և տնից վերցրած լինեմ իմ թոռան ատրճանակը, և դրա համար կտանեն, մի ինը տարի էլ ինձ կտան․․․ Ինձ համար չէ, բայց շատերի համար դա գերիշխող մտածելակերպ է դառնում Հայկ Կյուրեղյանի դատից հետո»:

XS
SM
MD
LG