Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստանը» իշխանափոխություն է սկսում


«Ոչ»-ի կարգախոսով ակցիա, արխիվ
«Ոչ»-ի կարգախոսով ակցիա, արխիվ

Շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը համոզված է, որ «ժողովուրդը կոնկրետ օրվա է սպասում»:

Այսօր մայրաքաղաքում անցկացրած երթով «Նոր Հայաստան» շարժումը իրազեկեց, որ դեկտեմբերից 1-ից մեկնարկող հանրահավաքներով իշխանափոխություն է սկսում:

Առաջին մարզային այցերի սակավամարդությունը ընդդիմադիրներին չի հիասթափեցրել․ Հիմնադիր խորհրդարանից Վարուժան Ավետիսյանը համոզված է՝ ժողովուրդը կոնկրետ օրվա է սպասում․ - «Նախկինում շրջանառված թվերի մասին չենք խոսում՝ 500 հազար, 300 հազար․․․ Դրա մասին չի խոսքը: Հազարավոր մարդիկ բավարար են»:

Առաջիկա հանրաքվեն «Նոր Հայաստան» շարժման համար առիթ է՝ մարդկանց հրապարակում հավաքելու: Մտադիր են սահմանադրական փոփոխությունները տապալելով հասնել իշխանափոխության․ - «Հնարավոր է այնպիսի իրավիճակ առաջանա, որ [դեկտեմբերի] 6-ին չհեռանա իշխանությունը, այլ հեռանա օրեր անց»:

Ժիրայր Սեֆիլյանի կողքին ընդդիմադիր այս ճակատում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներից: «Ժառանգություն»-ը նաև «Ոչ»-ի կողմնակից է, քվեարկության օրը ներկայացուցիչներ կունենան տեղամասերում:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ քվեարկության օրը կեղծիքների մեքենան է գործի դրվելու, արդյունք կտա փողոցային պայքարը․ - «Ե՛վ փող են բաժանելու, և՛ կեղծարարական մեխանիզմներ են աշխատեցնելու, այդ թվում նաև երկրից բացակայողների և մեռած հոգիների հսկայական զանգվածը, որ, առանց չափազանցության, մեկ միլիոնի է հասնում»:

Ամիսներ առաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով կալանավորված Պավլիկ Մանուկյանը կարծում է՝ այս անգամ ինքը, Ժիրայր Սեֆիլյանն ու մյուս ընկերները չեն հայտնվի ճաղերի հետևում․ - «Չի փոխելու, որովհետև մեր տեսակը մնալու է նորից նույնը: Ասենք, մեզ կալանավորեցին, հետո ուրիշներն են գալու: Լուծում չի սա: Իրենք էլ տեսնում են, որ իմաստ չկա: Այլ բան է, որ կփորձեն շրջաններից եկողներին արգելք հանդիսանալ, հետապնդել, վախի մթնոլորտ ստեղծել, կաշառքը արդեն խոդ են տվել»:

Վաղվանից ընդդիմադիրները դարձյալ մարզերով են շրջելու։

«Քաղաքացիական անհնազանդության գործողությունները չեն ավարտվի, քանի դեռ չի վերացվել մեր երկրում ապօրինի ռեժիմը և նրա կազմակերպած սահմանադրական փոփոխությունները», - հայտարարում են նրանք:

XS
SM
MD
LG