Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը հանրահավաք և իրազեկման երթ անցկացրեց Վանաձորում


Ոստիկանները խոչընդոտում են «Նոր Հայաստան»-ի իրազեկման երթը Վանաձորում: 4-ը նոյեմբերի 2015 թ․
Ոստիկանները խոչընդոտում են «Նոր Հայաստան»-ի իրազեկման երթը Վանաձորում: 4-ը նոյեմբերի 2015 թ․

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մարզային այցելությունների նպատակը դեկտեմբերի 1-ին մայրաքաղաք Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին իրազեկելն է:

Ճակատի քաղխորհրդի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, երևանյան ակցիաներին մասնակցել ցանկացող մարդիկ կարող են ցուցագրվել «Նոր Հայաստան»-ի մարզային շտաբներում․ - «Կան հնարավորություններ ունեցող հայ մարդիկ և Վանաձորում, որոնք պատրաստակամություն են հայտնել տասնյակ ավտոբուսներ ֆինանսավորելու: Կան բազմաթիվ վանաձորցիներ, որոնք այսօր գտնվելով Ռուսաստանում, տարբեր ձևերով կապի են եկել մեր հետ՝ հույսեր փայփայելով, որ միակ ուժն է «Նոր Հայաստան»-ը, որը կարող է տեր կանգնել մեր երկրին: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ խնդիրը լուծելու»:

Վանաձորի Արցախի պուրակում անցկացված հանրահավաքը խաղաղ ընթացք ունեցավ, բայց հանրահավաքի ավարտին կազմակերպիչների նախաձեռնած իրազեկման երթի ժամանակ խնդիրներ առաջացան ցուցարարների ու իրավապահների միջև: Ոստիկանները փորձում էին խաղաղ ցուցարարներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից՝ պնդելով, թե նրանք խոչընդոտում են երթևեկությունը: Այդուհանդերձ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի զայրալի միջամտությունից հետո, երթը շարունակվեց:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, թե իշխանությունների հեռացման գործընթացը «շատ հեշտ է»․ հարկավոր է պարզապես դեկտեմբերի 1-ին դուրս գալ փողոց, և «ինչ կորոշի ժողովուրդը, այդպես էլ կանենք»․ - «Մենք հազարներով հավաքվելու ենք դեկտեմբերի 1-ին, տասնյակ հազարներով ենք հավաքվելու: Եվ ես համոզված եմ, որ մինչև դեկտեմբերի 6-ը մեզ հաջողվելու է իրավիճակ փոխել, և արդեն բանը չհասնի քվեարկության»:

Ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի հանրահավաքին չէր մասնակցում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը: Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ սահմանադրական փոփոխությունները մերժող երկու ճակատները տարաձայնություններ չունեն․ - «Ե՛վ «Նոր Հայաստան»-ը, և՛ «Ոչ»-ի միասնական ճակատը, որտեղ Հայ ազգային կոնգրեսն ու Ժողովրդական կուսակցությունն են ընդգրկված, մենք երկուսս էլ անընդհատ համատեղ աշխատում ենք»:

«Նոր Հայաստան»-ը վստահ է, որ մինչև դեկտեմբերի 1-ը կհաջողվի մոբիլիզացնել ինչպես հասարակությանը, այնպես էլ «ոչ»-ի կողմնակից բոլոր ուժերին:

XS
SM
MD
LG