«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր նամակներ հանձնեցին Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և տասնյակ դեսպանատների: Նամակում «Նոր Հայաստանը» հայտարարում է, որ հանրաքվեի քարոզչության ամենակարևոր և թեժ շրջանում «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սաստկացել է։
«Նոր Հայաստան»-ը շեշտում է, որ դեռ փետրվարի 18-ին Սեֆիլյանի և նրա գործընկերների նկատմամբ հարուցված քրեական գործով ամիսներ շարունակ, ըստ էության, դատավարական գործողություններ չեն կատարվել: Միջազգային կառույցներին հանձնած իրենց նամակում ճակատի անդամները նշում են, որ այդ քրեական գործը չի կարճվում պարզապես Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործընկերների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։
ԵԱՀԿ դեսպանատան դիմաց նամակ հանձնելուց առաջ «Նոր Հայաստանի» անդամ Սյուզան Սիմոնյանը լրագրողներին ասաց.- «Մենք ցանկանում ենք բարձրաձայնել, որ Հայաստանում հնարավոր չէ լեգիտիմ ընտրություններ անցկացնել, և մասնավորապես այս հանրաքվեի լեգիտիմությունը արդեն իսկ կասկածի տակ է առնվում»։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի խոսքով, միջազգային կառույցներից մեծ ակնկալիքներ չունեն։
«Եթե նկատի ունենք, որ արտաքին ուժերը պետք է գան ու մեր երկրում կարգուկանոն հաստատեն, բնականաբար, ոչ, և մենք, լինելով հայաստանակենտրոն ուժ, նման ակնկալիք չունենք։ Մենք պարզապես տեղեկացնում ենք, որ հայ ժողովուրդն է այստեղ սուբյեկտը և հայ ժողովուրդը շուտով իր խոսքը ասելու է, իր գործը անելու է»,- ասաց Ավետիսյանը։
Դեռ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից առաջ Ժիրայր Սեֆիլյանի և նրա աջակիցների կողմից հայտարարվող անհնազանդության կոչերն ավարտվեցին ձերբակալություններով։ Քաղաքական գործիչների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխվեց և նրանք ազատ արձակվեցին միայն ապրիլի 24-ից օրեր անց։
Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ նոր կալանավորումներ կլինեն նաև դեկտեմբերի 6-ի հանրաքվեից առաջ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.- «Քիչ հավանական է, բայց այս ռեժիմի օրոք ոչ մի բան բացառել չի կարելի։ Բայց միանգամից ասեմ, որ եթե փորձեն նման քայլերի գնալ, ապա ընդամենը շատ կարագացնեն իրենց վերջը, որովհետև իսկապես դանակը ոսկորին հասած իրավիճակ է, ժողովուրդը այնպիսի վիճակում է, որ ամեն պահի պատրաստ է պոռթկալու։ Ամեն կտրուկ շարժում կառաջացնի հակազդեցություն»։